ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
Լիբանանահայերը դեռևս XIX դ. բաժանված են եղել կրոնադավանական երեք համայնքների: Առաքելականները ենթարկվել են Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից նշանակված հոգևոր տեսուչներին: Ներկայումս Լիբանանի հայության շուրջ 90 տոկոսն առաքելական է: 1930-ից Բեյրութի հյուսիսային արվարձաններից Անթիլիաս ավանում է հաստատվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի իրավասությունը Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի առաքելական հայերի վրա ճանաչված է Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից:
Կաթողիկոսարանի շրջափակում գտնվում են Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը (1940-ից), <<Խաչիկ Պապիկյան>> գրադարանը (1932-ից, շուրջ 80 հազար հատոր, ներառյալ՝ 2 հազար հնատիպ գիրք), ձեռագրատունը, տպարանը (1932-ից), <<Կիլիկիա>> թանգարանը (1997-ից), կաթողիկոսական դամբարանը (1966-ից) և Ս. Ստեփանոսի նահատակաց հուշարձան-մատուռը (1938-ից), որտեղ ամփոփված են Մեծ եղեռնի տարիներին Դեյր էզ Զորում զոհված հայերի մասունքներ: 1938-ին հիմնված վեհարանը հիմնովին վերակառուցվել է 1967-1968-ին: 1930-78-ին Անթիլիասի մայրավանքի շրջափակում էր գործում նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքր՝ ժառանգավորաց, ընծայարանի և ամուսնացյալ քահանայության թեկնածուների բաժիններով: 1978-ից դպրեվանքը հաստատվել է Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Բիկֆայա գյուղում, որտեղ դեռևս 1953-ին կառուցվել էր անթիլիասական միաբանների համար մի վանք-ամառանոց՝ Մ. Աստվածածին մատուռով: 1965-ին Բիկֆայայի վանքի մոտ կանգնեցվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (քանդակագործ՝ Զավեն Խտշյան):
Կիլիկիո կաթողիկոսությունը կարևոր դեր է խաղում Լիբանանի հայության կյանքում, անմիջականորեն հովանավորում է Ջիբեյլի «Թռչնոց բույն» որբանոցի, Ազունիեի ազգային բուժարանի, Բուրջ Համուդի հայկական ծերանոցի և Ֆանարի ժողովրդային բնակարանների աշխատանքները:
Լիբանանահայոց առաջնորդարանը 1929-ից գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո: Լիբանանի առաքելական հայերն իրենց ներքին գործերը վարում են 1863-ի Ազգային սահմանադրության բարեփոխված տարբերակի հիման վրա: Համայնքի գավառական ժողովն ընտրվում է ժողովրդի կողմից և լիազորված է ընտրվելու համայնքի թեմակալ առաջնորդին և քաղաքական ու կրոնական ժողովների անդամներին: Քաղաքական ժողովը համայնքի գործադիր մարմին է և նշանակում է առաջնորդարանի ուսումնական, տնտեսական, դատաստանական, կալվածքների և այլ խորհուրդների անդամներին: Կրոնական ժողովն զբաղվում է համայնքի հոգևոր ու կրոնական հարցերով: Թեմակալ առաջնորդը համայնքի ներկայացուցիչն է Լիբանանի պետության մոտ, նախագահում է գավառական և քաղաքական ժողովների նիստերին և քաղաքական ժողովի կողմից նշանակված խորհուրդների հետ վարում համայնքի ընթացիկ գործերը:
Լիբանանի տարածքում հայ առաքելական հնագույն Ս. Նշան եկեղեցին կառուցվել է Բեյրութում, 1851-ին` Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից Սուրբ Երկիր գնացող հայազգի ուխտավորների համար: 1920-ական թթ. սկզբին Լիբանանի հայկական գաղթակայաններում կառուցվել են փայտաշեն ու թիթեղաշեն եկեղեցիներ, որոնցից Ս. Խաչ եկեղեցին՝ Բեյրութի վրանաքաղաքում: Հետագայում Բեյրութի հայաբնակ տարբեր թաղամասերում և Լիբանանի զգալի հայ բնակչություն ունեցող այլ քաղաքներում ու գյուղերում կառուցվել են մի շարք քարաշեն եկեղեցիներ, որոնցից Բեյրութում առ այսօր գործում են Ս. Հարություն, Ս. Գևորգ, Ս. Հակոբ, Ս. Հովհաննու Կարապետ, Ս. Սարգիս, Ս. Աստվածածին, Ս. Վարդանանց և Ս. Քառասնից մանկանց եկեղեցիները:
Լիբանանի այլ բնակավայրերից Այնճարում գործում է Ս. Պողոս, Զահլեում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ջիբեյլում՝ Ս. Գայանե, Ջյունիում՝ Ս. Հարություն, Տրիպոլիում՝ Ս. Հոգեգալստյան եկեղեցիները: Անցյալում հայ առաքելական եկեղեցիներ են գործել նաև Սուր, Սայդա քաղաքներում և այլ բնակավայրերում (ներկայումս այդտեղ հայեր գրեթե չեն բնակվում): Եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ:
1929-ից Լիբանանի թեմի կաթողիկոսական փոխանորդի և հետագայում՝ առաջնորդի պաշտոնը վարել են Եղիշե եպս. Կարոյանը (1929-40), Ներսես վրդ. Հարությունյանը (տեղապահ՝ 1940-42-ին), Արտավազդ արք. Սյուրմեյանը (1942-46), Խադ արք. Աջապահյանը (1946-51), Խորեն արք. Բարոյանը (1951-1963), Տաճատ արք. Ուրֆալյանը (1963-78), Արամ արք. Քեշիշյանը (1978-95): 1995-ից թեմի առաջնորդն է Գեղամ եպս. Խաչերյանը: 1956-ից Սեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Լիբանանի հայ առաքելական համայնքի ազգային-թեմական մարմինները գտնվում են ՀՀԴ կուսակցության ազդեցության տակ:
Հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքությունը 1742-ին հաստատվել է Լիբանան լեռան Զմմառ գյուղում, որտեղ և 1749-ին կառուցվել է համապատասխան վանք, իսկ հետագայում՝ վերջինիս շրջափակում՝ նաև եկեղեցի (1771), ժառանգավորաց վարժարան (1810), աշտարակ (1905), վեհարան (1910), Ցավագին Տիրամոր մատուռը (1940) և ընծայարանի նոր շենք (1961): XIX դ. Զմմառի հայ կաթոլիկ միաբանությունն ուներ ավելի քան 120 կմ2 վանքապատկան հողեր Լիբանան լեռան տարածքում, առավել` կալվածներ ու շենքեր՝ Բեյրութում: Ներկայումս հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքության իրավասության ներքո են գտնվում մի շարք երկրներում ձևավորված հայ կաթոլիկ համայնքները:
Ներկայումս Բեյրութում գործող հայ կաթոլիկ եկեղեցիներից առավել հայտնի են Ս. Եղիա, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Փրկիչ և Ս. Խաչ եկեղեցիներր: 1934-ից Բեյրութի Էշրեֆիե թաղամասում հաստատված կաթողիկոս-պատրիարքի նստավայրում կառուցվել են նաև Ս. Ավետման եկեղեցին և Մեծ եղեռնի զոհերին ոգեկոչող մի հուշարձան: Հայ կաթոլիկ եկեղեցիներ կան նաև Ռաուդայի դպրեվանքի և Հազմիեի Մխիթարյան վարժարանի շրջակայքում, Զմմառում, Այնճարում, ինչպես և մի մատուռ՝ Բիկֆայայի Մխիթարյանների ամառանոցում: Անցյալում հայ կաթոլիկ եկեղեցիներ գործել են նաև Մայդա, Սուր և այլ բնակավայրերում:
1749-1866-ին Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդներն էին համարվում Զմմառում գահակալող կաթողիկոսները, որոնք համայնքի գործերին հսկում էին պատրիարքական դիվանի մաս կազմող փոխանորդ եպիսկոպոսների միջոցով: Այդ ժամանակ գահակալել են Հակոբ Պետրոս Բ Հովսեփյան (1749-1753), Միքայել Պետրոս Գ Գասպարյան (1753-80), Բարսեղ Պետրոս Դ Ավգատյան (1780-88), Գրիգոր Պետրոս Ե Քյուփելյան (1788-1812), Գրիգոր Պետրոս Զ Ճերանյան (1812-40), Հակոբ Պետրոս է Հոլասյան (1841- 43) և Գրիգոր Պետրոս Ը Տեր-Աստվածատրյան (1843-66) կաթողիկոսները: Կաթողիկոսական աթոռի Կ. Պոլսում գտնվելու ժամանակ 1866-1931-ին, լիբանանահայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունները կատարում էին Զմմառի վանքում գործող կաթողիկոսական փոխանորդները կամ վանքի մեծավորները:
1931-ին Տանն Կիլիկիո հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքությունր վերահաստատվել է Լիբանանում: Այդ թվականից Լիբանանում գահակալել են Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյանը (1931-37), Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը (1937-62), Իգնատիոս Պետրոս ԺԶ Պաթանյանը (1962-76), Հմայակ Պետրոս ժէ Կետիկյանը (1976-82), Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյանը (1982-99) և Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին (1999-ից):
1931-ին կաթողիկոս-պատրիարքի նստավայրի Լիբանանում վերահաստատվելուց հետո լիբանանահայ կաթոլիկ համայնքը որոշ ժամանակ իր հայախոս և արաբախոս հավատացյալների համար իբրև առաջնորդ ունեցել է երկու առանձին կաթողիկոսական փոխանորդներ: Այդ թվականից Լիբանանի հայ կաթոլիկ առաջնորդի պարտականությունները հաջորդաբար կատարել են Հովհաննես արք. Նագլյանը, Ալոզիոս արք. Պաթանյանը, Սահակ եպս. Կոգյանը, Մեսրոպ եպս. Թերզյանը, Անդրեաս եպս. Պետողլյանը, Վարդան եպս. Աշգարյանը և Մանվել եպս. Պաթագյանր: Ներկայումս (2003) Բեյրութի հայ կաթողիկե պատրիարքական թեմի ընդհանուր փոխանորդն է Վարդան եպս. Աշգարյանը:
Լիբանանում հոգևոր ու կրթական լայն գործունեություն են ծավալում Զմմառյան, Մխիթարյան, ինչպես և Անարատ հղության քույրերի կաթոլիկ միաբանությունները: Հայ կաթոլիկ կաթողիկոս-պատրիարքության հովանավորության ներքո գործում են Բեյրութի Մեսրոպյան և Գևորգ Հարպոյան վարժարանները: Ներկայումս Սխիթարյանները Բեյրութի Հազմիե արվարձանում ունեն երկրորդական վարժարան և Բիկֆայայում՝ մի ընծայարան: Անարատ հղության քույրերի միաբանությունը Լիբանանում գործում է 1922-ից, դպրոցներ է ունեցել Սուր քաղաքում (1940-46-ին) և Բեյրութի Մազրաա թաղամասում (1932-37-ին): Ներկայումս Բեյրութում գործում են միաբանության Ս. Հռիփսիմյանց (1922-ից), Ս. Ագնես վարժարանները. Այնճարում՝ Հայ կաթողիկե քույրերի միջնակարգ վարժարանը: 1937-ին հիմնված Ս. Շուշան վարժարանը 1997-ին վերածվել է մանկամսուրի: 1923-98-ին լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը:
Լիբանանի հայ ավետարանականները, փոքրաթիվ լինելով, մինչև Առաջին համաշխարհային պատերազմը միախառնված են եղել դավանակից արաբներին կամ եվրոպացիներին: Պատերազմից հետո Լիբանանում ապաստանած հայ ավետարանականներն սկզբում իրենց կրոնական արարողությունները կատարել և իրենց համայնքային դպրոցներն են հաստատել ամերիկացի ու արաբ ավետարանականների տրամադրած սրահներում: Հետագայում հայ ավետարանականները ևս Լիբանանի տարբեր վայրերում (Բեյրութ, Ջյունի, Տրիպոլի, Այնճար, Զահլե, Շթորա) հիմնել են իրենց եկեղեցիները, բարեսիրական կառույցներն ու դպրոցները: 1921-ին կազմավորվել է Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցին, 1924-ին՝ Սիրիայի և Լիբանանի (1930-ից՝ Մերձավոր Արևելքի) հայ ավետարանական եկեղեցիների միությունր (ՍԱՀԱԵՄ), որն ընդգրկում է Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի և Ավստրալիայի հայ ավետարանական եկեղեցիները, համայնքներն ու հաստատությունները: ՍԱՀԱԵՄ-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի, ինչպես և 12 տարբեր եկեղեցիներ միավորող Սիրիայի և Լիբանանի ավետարանական գերագույն խորհրդի հիմնադիր անդամներից է: ՄԱՀԱԵՄ-ի մաս է համարվում նաև Բեյրութի սուրիանի (ասորի) ավետարանական եկեղեցին: 1998-ից ՄԱՀԱԵՄ-ի նախագահն է վերապատվելի Մկրտիչ Գարակյոզյանը:
Ներկայումս հայ ավետարանական համայնքի հովանավորությամբ Լիբանանում գործում են 5 եկեղեցիներ (որոնցից 4-ը՝ Բեյրութում և արվարձաններում), 7 վարժարաններ, Հայկազյան համալսարանը, Մերձավոր Արևելքի աստվածաբանական դպրոցը (ոչ հայկական ավետարանական հոգևոր կազմակերպությունների հետ համագործակցաբար, հիմնվել 1932-ին), որտեղ սովորում են համայնքի ապագա հոգևոր առաջնորդները:
Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը): Մեծ է նաև Լիբանանում գործող դպրոցների ու վարժարանների թիվը:
Սանջյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am