Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի հայ համայնքի դպրոցներն ու վարժարանները

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ

  

Լիբանանահայ անդրանիկ դպրոցը համարվում է XVII դ. Կեսին Զմմառի վանքում հաստատված հայ կաթոլիկ դպրեվանքը, որն ընդհատումներով գործում է առ այսօր: 1830-ական թթ. այնտեղ սովորել են 12 երեխաներ` օգտագործելով Վենետիկում պատրաստված հայերեն դասագրքեր: 1859-ին Բեյրութի Ս. Նշան եկեղեցուն կից բացվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը ենթակա ծխական դպրոց` մի քանի տասնյակ աշակերտներով: 1890-ական թթ. սկզբին հաստատվել է նաև դպրոցի մանկապարտեզի բաժինը, որտեղ սովորել են 35-40 երկսեռ երեխաներ: XIX դ. վերջին Բեյրութի ամերիկյան և ֆրանսիական բուհերում սովորել են Օսմանյան կայսրության տարբեր վայրերից եկած մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք ունեցել են իրենց միությունը: 

   Լիբանանում գործող հայկական դպրոցների թիվն աճել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: 1920-ական թթ. Լիբանանում հաստատված 10 որբանոցներում պատսպարվել են ավելի քան 7 հազար հայ որբեր (որբանոցները մեծ մասամբ փակվել են 1925-26-ին): Միաժամանակ հայկական դպրոցներ են հիմնվել Լիբանանի գրեթե բոլոր այն քաղաքներում ու գյուղերում, որտեղ բնակություն էին հաստատել թեկուզ փոքրաթիվ հայ գաղթականներ: 1922-26-ին Հայ առաքելական եկեղեցին Լիբանանում ուներ 15, կաթոլիկ եկեղեցին` 8, ավետարանականը՝ 6 դպրոց: Հետագայում հայկական դպրոցների ավելի է աճել: 1975-ին Լիբանանում (գլխավորապես Բեյրութում, նաև Տրիպոլիում, Զահլեում և Այնճարում) գործել են շուրջ 60 վեցամյա, միջնակարգ, երկրորդական հայկական վարժարաններ և այլ ուսումնական հաստատություններ՝ 21 հազար աշակերտով: Քաղաքացիական պատերազմի պատճառով առաջացած արտագաղթի հետևանքով երկրի հայկական դպրոցներում նվազել է սովորողների թիվը: 1991-ին Լիբանանում գործել են միայն հայկական 42 դպրոց, որոնցից 16-ը՝ նախակրթական, միջնակարգ, 16-ը՝ երկրորդական, ինչպես և 5 արհեստագիտական վարժարան ու 3 դպրեվանք-ընծայարան: Լիբանանի հայկական դպրոցների աշակերտության թիվը շարունակում է անկում ապրել նաև 1990-ական թթ.՝ հիմնականում գաղութում ծնունդների նվազման և օտար վարժարաններ հաճախելու պատճառով: Ներկայումս (2003) ենթադրվում է, որ շուրջ 4-8 հզ. հայ երեխաներ սովորում են Լիբանանի արաբական և հատկապես օտարազգի միսիոներների վարժարաններում: Իրենց զավակներին ոչ հայկական վարժարաններ ուղարկելու միտումը շեշտված է հատկապես հայ համայնքի համեմատաբար բարեկեցիկ խավերի մոտ, թեև զգալի է նաև այն ընտանիքների թիվը, որոնք նյութական դժվարությունների պատճառով են իրենց զավակներին ուղարկում պետական արաբալեզու դպրոցներ, որտեղ ուսուցումն անվճար է: Այնուամենայնիվ, Լիբանանի հայ համայնքի դպրոցական ցանցը ներկայումս էլ մնում է Սփյուռքում ամենակազմակերպված և ամենաստվար դպրոցական ցանցերից մեկը: Ներկայումս (2003) Լիբանանում գործում են 30 հայկական դպրոցներ (8-ը՝ նախակրթարան, 9-ը՝ միջնակարգ, 12-ը՝ երկրորդական, 8400 աշակերտ), ինչպես և 5 արհեստագիտական (534 աշակերտ), 2 մասնահատուկ վարժարաններ (87 աշակերտ), 3 դպրեվանք-ընծայարան (91 աշակերտ):

   Լիբանանում հայկական դպրոցների գոյատևմանն ու բարգավաճմանը, ինչպես նաև լիբանանահայ կարիքավոր աշակերտների և ուսանողների ուսումնառությունն ապահովելու գործին մեծապես նպաստում են Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հատկացումները: Միայն 1998-1999 կրթական տարեշրջանին դրանք կազմել են շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար:
  Լիբանանահայ դպրոցներն առաջնորդվում են պետական դպրոցական ծրագրով՝ միաժամանակ իրենց ուսումնական ծրագրերում կարևոր տեղ հատկացնելով հայագիտական առարկաներին՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն: Ներկայումս (2003) շուրջ 1250 հայ երիտասարդներ բարձրագույն մասնագիտական կրթություն են ստանում Հայկազյան համալսարանում և Լիբանանի մյուս բուհերում: 1950-ական թթ. 2-րդ կեսից հարյուրավոր լիբանանահայ երիտասարդներ մասնագիտացել են նաև Երևանի բուհերում:
 Բեյրութում և նրա արվարձաններում գործող հայկական նշանավոր ուսումնական հաստատություններն են՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը (հիմնվել է 1930-ին), Վահան Թեքեյան միջնակարգ (1951), Սահակյան-Լևոն Մկրտիչյան միջնակարգ (1923), <<Թռչնոց բույն>> ազգային միջնակարգ վարժարանները, Հայ ավետարանական քոլեջը (1923), Շամլյան-Թաթիկյան երկրորդական (1922), Կեդրոնական բարձրագույն (1922), Թորոսյան միջնակարգ (1951), Կերթմենյան (1931), Թրատի (1936) նախակրթական վարժարանները, Մխիթարյան հայրերի Հազմիեի միջնակարգ երկսեռ վարժարանը (1937), Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի Ս. Հռիփսիմյանց երկրորդական (1922), Ս. Ագնես միջնակարգ (1929), հայ կաթոլիկ Մեսրոպյան երկրորդական (1939), Գևորգ Հարպոյան երկրորդական (1960, նախապես՝ Զմմառյան ս. Պողոս) վարժարանները, ՀԲԸՄ Դարուհի-Հովակիմյան երկրորդական, Կարմիրյան միջնակարգ (1974) և Նազարյան նախակրթական (1962) վարժարանները, Լիբանանահայոց առաջնորդարանի ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան (1964), Սուրեն Խանամիրյան (1963, նախապես՝ Ս. Նշան բարձրագույն վարժարան՝ հիմնված 1922-ին), Եղիշե Մանուկյան (1963, նախապես՝ Մարտիկյան) երկրորդական, Աբգարյան (1932), Աքսոր Գասարճյան (1929, նախապես` Լուսինյան), Ս. Քառասուն մանկուն (1930), Ռուբինյան-Սահակ Մեսրոպյան (1935) նախակրթական վարժարանները և Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկը:

 Լիբանանահայ հանրակրթական համակարգի մաս են կազմում նաև Լիբանանահայոց առաջնորդարանի (2002) և հայ կաթոլիկ Մեսրոպյան վարժարանին կից գործող (1982) արհեստագիտական վարժարանները, <<Պոլիգլոթ>> հաստատությունը (սեփականատեր՝ Պետրոս Շեմմեսյան): Անցյալում նմանատիպ տեխնիկական կրթություն են տվել նաև 1956-ին հիմնված Սիմոնյան քոլեջը (սեփականատեր՝ Անուշավան Սիմոնյան), Միսակ Վարժապետյանի առևտրական վարժարանը, ՀԲԸՄ արհեստագիտական վարժարանը, Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան արհեստագիտական վարժարանը: Առանձնահատուկ տեղ ունեն Բուրջ Համուդի հայ կույրերի և համրերի վարժարանը (1926, 2002-ին ուներ 51 աշակերտ): Բեյրութում Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության ջանքերով 1987-ին հիմնվել և առ այսօր գործում է թերամիտ հայ երեխաների <<Զվարթնոց>> կենտրոնը, որտեղ 2002-ին սովորում էին 3-ից մինչև 35 տարեկան 52 աշակերտ: Անթիլիասի կաթողիկոսության հովանու տակ 1987-ից գործում է <<Խաչեր Գալուստյան>> մանկավարժական կազմավորումի կենտրոնը:
 
Ակտիվ է նաև Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը, ինչպես նաև տպագրական գործուեությունը: Բեյրութում ցայսօր լույս են տեսել 200-ից ավելի պարբերականներ (տես՝ Լիբանանի հայ մամուլը):  Լիբանանում մեծաթիվ են եկեղեցիները:  
 

Սանջյան Ա.

  
Գրականության ցանկ՝  «Հայ Սփյուռք» հանրագիտարան


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am