Քեսաբ (Քեսապ) գյուղաքաղաք Սիրիայում: Քեսաբում հայերը հաստատվել են 16-րդ դարում, բայց համայնքը վերջնականապես ձևավորվել է 18-րդ դարում: Օսմանյան տիրապետության շրջանում եղել է Հալեպի վիլայեթի կազմում: 1911-ին Քեսաբն ունեցել է ավելի քան 6,1 հազար, 1915-ին շուրջ 8 հազար հայ բնակիչ: Հայերը տուժել են 1909-ի Կիլիկիայի կոտորածների ժամանակ: Մեծ եղեռնի տարիներին Քեսաբի հայերը տեղահանվել են՝ տալով շուրջ 5 հազար զոհ: 70 քեսաբցի երիտասարդներ զինվորագրվել են ֆրանսիական բանակի կազմում ստեղծված Հայկական լեգեոնին, իրենց ավանդը ներդրել Օսմանյան կայսրության պարտության գործում: Վերապրած բնակիչները 1918-ին բարենորոգել են իրենց բնօրրանը, վերականգնել տնտեսությունը: 1920- ին այստեղ բնակվել է 2363, 1923-ին՝ շուրջ 3,5 հազար հայ: Հետագա տասնամյակներին Քեսաբից և շրջակա գյուղերից ծայր առած արտագաղթի հետևանքով հայերի թիվը զգալիորեն նվազել է: Միայն 1946-47-ին Քեսաբից և շրջակա գյուղերից (Բաշորդ, Էքիզ-օլուք, Խայիթ, Չագալճըգ, Չինարճըգ և այլն) Խորհրդային Հայաստան է ներգաղթել 2,4 հազար (այլ տվյալներով 3,8 հազար) հայ: 1950-60-ական թթ. Լիբանան, ԱՍՆ, Կանադա են տեղափոխվել հարյուրավոր հայ ընտանիքներ: Սրանով հանդերձ Քեսաբը շարունակում է մնալ Սիրիայի կարևոր հայկական գաղթավայրերից մեկը:
Ներկայումս (2003) Քեսաբում բնակվում է 1,5 հազար հայ: Համայնքն ունի տեղական ինքնակառավարման մարմին՝ Ավանային խորհուրդ (ենթարկվում է Լաթաքիայի նահանգապետին): Գործում են հայ առաքելական Ս. Աստվածածին (հիմնվել է XIX դ.), հայ կաթոլիկ Ս. Միքայել Հրեշտակապետ (հիմնվել է 1926-ին) և հայ ավետարանական Ս. Երրորդություն (հիմնվել է 1909-ին) եկեղեցիները, Ազգային ուսումնասիրաց միացյալ (հիմնվել է 1848-ին), հայ ավետարանական Նահատակաց միացյալ և հայ կաթոլիկ Բարեհուսո վարժարանները, Ս. Աստվածածին եկեղեցուն կից՝ Ազգային Սահակյան սրահը՝ կիրակնօրյա դպրոցով (1978), Ժողովրդային գրադարանը (հիմնվել է 1910-ին), ՀՍՄ, ՀՄԸՄ, ՀԲԸՄ, ՍՕԽ-ի, Համազգայինի Քեսաբի մասնաճյուղերը, Տիկնանց եկեղեցասիրաց միությունը (հիմնվել է 1924-ին) և այլն: Գավառակում մինչև 1950-60-ական թթ. եղած մեկ տասնյակից ավելի զուտ հայաբնակ գյուղերից ներկայումս պահպանվել են.
Բաղջաղազ (Պաղճաղազ) գյուղը 1913-ին ունեցել է 57 տուն (113) հայ բնակիչ: Կազմված է երկու մասից Վերի Բաղջաղազ (2003-ին մի քանի հայ ընտանիք) և Վարի Բաղջաղազ (2003-ին մեկ տասնյակ հայ ընտանիք): Ունի կաթոլիկ վանք:
Դուզաղաջ (Տուզաղաճ) գյուղը 1911-ին ունեցել է 22 տուն (113), 2003-ին 15 հայ ընտանիք:
Կարադուրան (Գարատուրան, Գալատուրան) գյուղը 1913-ին ունեցել է 1381, 2003-ին 450 հայ բնակիչ: 1873-ին կառուցվել է հայ ավետարանական եկեղեցի, 1880-ին Ս. Աստվածածին հայ աոաքելական եկեղեցին: Վերջինս հողասահքի պատճառով քանդվել է: 1960-ին կառուցվել է նոր Ս. Աստվածածին եկեղեցին (օծվել է 1962-ին), 1908-ին Ս. Ստեփանոս եկեղեցին (1987-ին նորոգվել Է ֆրանսահայ «Երկիր և մշակույթ» միության միջոցներով): Գործում են ՍՕԽ-ի (1930) և ՀԲԸՄ (վերակազմավորվել է 1994-ին) մասնաճյուղերը: Փոքրաթիվ հայեր են բնակվում նաև Էսկյուրեն (Ներքի գյուղ, 1913-ին 178, 1913-ին՝ 116 բնակիչ, 2003-ին՝ մոտ 20 հայ ընտանիք), Սև աղբյուր (Գայաճըգ, 1911-ին՝ 445, 1913-ին՝ 247, 2003-ին՝ 46 բնակիչ), Քյորքյունե (Քյորքյունա, Կորկուն, 1913-ին՝ 193 բնակիչ, 2003-ին՝ 58 բնակիչ) և մյուս գյուղերում:
Աղբյուրը՝ «Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am