Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Բեյրութ (Լիբանանի հայ համայնքներ շարքից)

   

ԲԵՅՐՈՒԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՇԱՐՔԻՑ)


Բեյրութի հայ համայնքը կազմավորվել է XIX դ. վերջին, աստիճանաբար ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ Բեյրութի ընդարձակման հետևանքով ներկայումս նրա մի մասն են կազմում նախկինում քաղաքի արևելյան արվարձաններից Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիաս ավանը, թեև վերջիններս շարունակում են պահպանել տեղական ինքնակառավարման իրենց ուրույն մարմինները: Բեյրութում և հիշյալ արվարձաններում է բնակվում լիբանանահայերի գերակշռող մեծամասնությունը:

   Հայերը հիմնականում արհեստավորներ են, բանվորներ ու մանր առևտրականներ: Կան նաև խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր, արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ՝ բժիշկներ, ճարտարապետներ ու ճարտարագետներ, ուսուցիչներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: Բեյրութում են կենտրոնացած լիբանանահայ համայնքի ազգային հաստատությունների գերակշիռ մասը: Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Նշանը, կառուցվել է 1851-ին. այժմ գործում են հայ առաքելական 8, կաթոլիկ՝ 4 և ավետարանական՝ 4 եկեղեցիներ, որոնց կից կան կիրակնօրյա դպրոցներ: Առաջին հայկական դպրոցը բացվել է 1859-ին: Ըստ 2003 թ. տվյալների գործում են մոտ 25 դպրոցներ, արհեստագիտական վարժարաններ, Համազգային հայագիտական բարձրագույն հիմնարկը, Հայկազյան համալսարանը: 

   Բեյրութում են հաստատված հայ ազգային կուսակցությունների կենտրոնական մարմիններր, գործում են բազմաթիվ հայրենակցական, բարեգործական, մշակութային, երիտասարդական, ուսանողական, մարզական և այլ կազմակերպություններ, որոնք մեծ մասամբ գտնվում են կրոնադավանական համայնքների կամ քաղաքական կուսակցությունների հովանավորության կամ վերահսկողության ներքո: Կան թատերախմբեր («Գասպար Իփեկյան», «Վահրամ Փափազյան»), երգչախմբեր ու պարախմբեր:

   Բեյրութում առաջին հայերեն թերթը լույս է տեսել 1921-ին. ցայսօր լույս է տեսել շուրջ 200 անուն թերթ ու հանդես: Այժմ լույս են տեսնում 20-ից ավելի պարբերականներ: Կան հայկական տպարաններ:

 

Սանջյան Ա. 

Գրականության ցանկ՝ <<Հայ Սփյուռք» հանրագիտարան

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am