Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Հայ առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքը սկսել է ձևավորվել XIX դ. սկզբին: XIX դ. վերջին վիեննահայերը փորձել են առանձին եկեղեցի ունենալ, սակայն հաջողել են միայն 1912-13-ին, երբ եկեղեցու շինության համար հողակտոր են գնել Վիեննայի կենտրոնական թաղամասում: 1913-ի հունվարի 19-ին տեղի է ունեցել Ս. Փրկիչ մատուռի օծումը: Սուչավայից (Ռումինիա) հրավիրված հոգևոր հովիվ Տեր Արիստակես Ֆեսլյանը իր հետ բերել է եկեղեցական պաշտամունքի գրքեր և անոթներ, որոնք առ այսօր գործածվում են. 1923-ին հրավիրվել է (նորից Ռումինիայից) Եղիշե քհն. Ութուջյանը (հետագայում ծայրագույն վարդապետ), որը 35 տարի ծառայել է Ավստրիայի և Գերմանիայի հայ համայնքին: 1962-ին Ավստրիայի հայոց հոգևոր հովվությունը ստանձնել է Տեր Մեսրոպ վրդ. Գրիգորյանը (հետագայում արքեպիսկոպոս), որը 1980-ից նաև Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակն է:

Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և Ավստրիայի հոգևոր հովվության կենտրոնը Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցին է (ճարտ. Է. Սրապյան). կառուցվել է 1965-68-ին. օծվել 1968-ին: Եկեղեցական վարչության որոշմամբ նորակառույց եկեղեցու շուրջ ստեղծվել է Ավստրիայի հայության կենտրոն Մշակույթի տուն: Շենքի սրահներն օգտագործվում են համայնքի զանազան միջոցառումների համար: Նույն շենքում են տեղավորված «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, ինչպես նաև ՀԲԸՄ, ՀՄԸՄ Ավստրիայի մասնաճյուղերը, Հայկական ուսումնասիրությունների, փաստագրության և տեղեկատվության կենտրոնը: Եկեղեցական վարչության և համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ կենտրոնի շուրջ համախմբված ավստրիահայերը հնարավորություն են ստացել համատեղ քննարկել համահայկական խնդիրները, նշել ագգային տոները:

Ավստրիայում գոյություն ունի նաև հայ կաթոլիկների համայնք, որն սկզբնավորվել է Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատումից (1810) հետո (գրանցվել է 1991-ին. ժոդովրդապետ-հովվապետն է Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան վրդ. Հովակիմյանը):

 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. Խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 93-94:

Տես նաև՝ 

Ավստրիա:

Ավստրիայի հայ համայնքի դպրոցը: 

Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:

Գիտություն (Ավստրիայի հայ համայնք):

Ավստրիայի հայ համայնքի մշակույթը:

Ավստրիայի հայ մամուլը:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am