ԱՎՍՏՐԻԱ

Ավստրիայի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Տարածքը 83,9 հզ. կմ2: Բնակչությունը 8,2 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Վիեննա (1,6 մլն): Հայերի թիվը շուրջ 4 հզ.: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:


Հայ-ավստրիական առնչությունները սկզբնավորվել են միջնադարում: 1683-ի սեպտեմբերին, երբ թուրքական բանակը պաշարել է մայրաքաղաք Վիեննան, ավստրիացիներին օգնության հասած Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկու զորքերի կազմում եղել է լեհահայերի ջոկատ, որն աչքի է ընկել Վիեննայի մոտ տարած հաղթական ճակատամարտում: 1700-ին հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին բանակցություններ է վարել ավստրիական կայսր Լեոպոլդ I-ի արքունիքի հետ փորձելով եվրոպական պետությունների դաշինք ստեղծել Հայաստանը մահմեդական լծից ազատագրելու նպատակով: Հայտնի է նաև, որ Ավստրիայում ապրող առանձին հայեր վարել են պետական բարձր պաշտոններ. XVII դ. Ներսես վարդապետը եղել է պալատական քահանա (հոֆկապլան), XVIII դ. Օգոստինոս Աղամալյանը պալատական թարգմանիչ: XVII դ. Վիեննայում հաստատվել են պոլսահայ վաճառականներ, հիմնականում գորգավաճառներ, որոնց խանութների մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը: Ըստ ավստրիական աղբյուրների Վիեննայի իշխանությունները 1685-ին թույլատրել են պոլսահայ Հովհաննես Աստվածատրյանին մայրաքաղաքում բացել առաջին սրճարանը:

Ավստրիայի հայ գաղութը սկսել է կազմավորվել XVIII դ. Մարիա Թերեզա թագուհու օրոք, ըստ այդ ժամանակվա մարդահամարի Վիեննայում բնակվել է 21 հայ ընտանիք: 1811-ին Վիեննա են փոխադրվել Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված միաբաններ: XIX դ. ընթացքում հայերի թիվը շարունակել է աճել ի հաշիվ Վիեննայի համալսարանում և կոնսերվատորիայում, ինչպես նաև տեղի Մխիթարյան միաբանության Աստվածաբանական ուսումնարանում սովորող ուսանողների:  XIX դ. Վիեննայում և շրջակա ավաններում բնակվել է շուրջ 75 հայ:

Ավստրիայի պետական-եկեղեցական իրավունքի 1867-ի դեկտեմբերի 21-ի N 142 օրենքում հայերի համար գրված է, թե «հանդուրժելի են» և «իրավունք ունեն ազատ կրոնական պաշտամունքի»: Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո Ավստրիայում ապաստան են գտել մի քանի տասնյակ հայ ընտանիքներ Թուրքիայից և Արևմտյան Հայաստանից: Սակայն հայերի ամենամեծ հոսքը Ավստրիա տեղի է ունեցել 1970-ական թթ. 2-րդ կեսին Լիբանանից և Իրանից: 1970-80-ական թթ. ավելացել է Վիեննա ուսանելու եկած (Իրանից, Թուրքիայից, Լիբանանից, Եգիպտոսից ևն) հայ երիտասարդների թիվը: Նրանցից շատերը, ավարտելով ուսումը, բնակություն են հաստատել Ավստրիայում: 1990-ական թթ. սկզբին Ավստրիա են եկել հայեր Ադրբեջանից, նաև Հայաստանից: Ներկայումս (2003) Ավստրիայում հայերի թիվը շուրջ 4 հզ. է: Նրանք հիմնականում զբաղված են արդյունաբերության, առևտրի, սպասարկման ոլորտներում, արվեստի բնագավառում: Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի տարբեր բաժանմունքներում աշխատում են 40-ից ավելի հայեր, որոնք վարում են պատասխանատու պաշտոններ. ՅՈՒՆԻԴՕ-ի Վիեննայի կենտրոնի ընդհանուր տնօրենի առաջին տեղակալն էր (մինչև 1999-ը) դոկտոր Արշալույս Ճգնավորյան-Ազնբաուերը:

Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են Հայ առաքելական եկեղեցու վարչությունը, հասարակական, բարեգործական մշակութային և այլ կազմակերպություններ: 

Գործում են Ս. Հռիփսիմե եկեղեցին, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները, ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղը, Հայ ուսանողական և երիտասարդական միությունը, Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը, «ՏՕՏ Արմենիա» միությունը, ՀՄԸՄ Ավստրիայի մասնաճյուղը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղը: Լույս են տեսնում «Հանդես ամսօրյա» հայագիտական հանդեսը, «Գաղութի տեղեկատու» (հայերեն, գերմաներեն) և «OAK Journal» (գերմաներեն) պարբերականները:

Ավստրիահայ համայնքը, ինչպես և խորհրդային բանակի ստորաբաժանումներում գտնվող բազմաթիվ հայազգի զինվորներ ու սպաներ մասնակցել են ֆաշիստական լծից Ավստրիայի ազատագրման մարտերին, շատերը զոհվել են ավստրիական հողում, և նրանց անունները հավերժացվել են անհայտ զինվորի հուշարձանի վրա:

Ավստրիայի հայ համայնքը զգալի օգնություն է ցուցաբերել Հայաստանին 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Ավստրիական փրկարարների աոաջին ջոկատի հետ Հայաստան է եկել ավստրիական բանակի սպա, ավստրիահայ համայնքի եկեղեցական վարչության այն ժամանակվա ատենապետ Աստիկ Աստվածատրյանը: Համայնքը մասնակցել է Գյումրիում «Ավստրիական ավանի» և մանկական հիվանդանոցի կառուցմանը, միջոցներ տրամադրել աղետի գոտում դպրոցների, բուժական հիմնարկների նորոգման համար: Ի նշան երախտագիտության, 1990-ին Վիեննայի հրապարակներից մեկում տեղադրվել է Հայաստանից բերված մի խաչքար (հեղինակ երևանցի քանդակագործ Վաչե Պետրոսյան):

Վիեննայում բնակվում է Ավստրայի հայության ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում Մխիթարյան միաբանության վանքը իր եկեղեցիով, Ս. Փրկիչ մատուռը և Ս. Հռիփսիմե եկեղեցին, հայ համայնքի ղեկավար մարմինները և բոլոր կազ- մակերպությունները, Ավստրիայի միակ հայկական շաբաթօրյա դպրոցը (դասընթացներ): Համայնքում գործող կազմակերպությունների և առանձին բարերարների հանգանակած միջոցներով 1984-ին Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին [հեղինակ Ռազմիկ (Բերանժ) Թամրազյան-Հարությունյան]: Համայնքի ջանքերով 1998-ին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը (քանդակագործ Օհան Պետրոսյան, ճարտ. Ռոլանդ Մարտիրոսյան): 2001-ին եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ: Այստեղ տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: 

Փոքրաթիվ հայ բնակչություն ունեն Ավստրիայի Լինց Զալցբուրգ, Գրաց քաղաքները: Գրացում 1958-78-ին գործել է Հայ ուսանողական միությունը իր երգչախմբով Հովիկ Խուդաբախշյանի ղեկավարությամբ:

 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հնարագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 92-93: 

Տես նաև՝

Գրկ. Ակինյան Ն., Ակնարկ մը Վիեննական Մխիթարեան միաբանութեան գրական գործունեութեան վրա, Վնն., 1912: Աբ­րահամյան Ա.Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2. Ե.. 1967: Համառոտ ակնարկ վիեննահայ գաղութի պատմութեան վերայ. Վնն., 1972: Ընդհանուր գրացուցակ Մխիթարեան գրավաճառանոցի. 1776-1972, Վնն., 1972:

 

Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին:

Ավստրիայի հայ համայնքի դպրոցը: 

Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:

Գիտություն (Ավստրիայի հայ համայնք):

Ավստրիայի հայ համայնքի մշակույթը:

Ավստրիայի հայ մամուլը:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am