2018 թ. հունվարի 11-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել քննարկում Սփյուռքում հայոց լեզվի կիրառման ու դասավանդման շուրջ: Միջոցառումը իրականացվել է Կալիֆորնիայի Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի, Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան ամբիոնի, ազգային ժառանգության լեզվի ռեսուրսային կենտրոնի և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի համատեղ կազմակերպմամբ:

 Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը, ողջունելով հյուրերի, խոսքը փոխանցեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների վարչության տնօրեն Ռազմիկ Փանոսյանին, ով ներկայացրեց հիմնադրամի՝ հայոց լեզվի պահպանման ու զարգացման ուղղությամբ կատարվող ծրագրերի հետևյալ հիմքերը՝ որպես առաքելություն նշելով հետևյալը՝ «ստեղծել կենսունակ ապագայ մը հայ ժողովուրդին համար, ուր իր մշակոյթն ու լեզուն կը պահպանուին եւ կ՛արժեւորուին».

ØԱջակցություն Սփյուռքի հայկական դպրոցներին,

ØՀայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրում, խրախուսում նոր հետազոտություններ կատարելու,

Ø  Աջակցություն Հայաստանին, մասնավորապես՝ հասարակությանը,

ØՆախաձեռնելու հայ-թուրքական երկխոսություն:

 

Այնուհետև առանձնացվեցին լեզուն զարգացնելու բաղադրիչները՝ հիմքում ունենալով «հայախոս մարդ պատրաստելու» մարտահրավերը.

ØԱշխատել տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ (ներկայացվեց այս ոլորտի շուրջ ընթացիկ և նախատեսվելիք ծրագրերը),

ØԱպահովել հայերենի ներկայանալիությունը համացանցում,

ØՊատրաստել հայերենով գրողներ և կարդացողներ (օրինակ՝ մի խումբ հայ երիտասարդների միջոցով տեղադրվում են արևմտահայերեն հոդվածներ վիքիպեդիայում),

ØՍտեղծել հայերեն մանկապատանեկան գրականություն,

ØԴպրոցներում կարգավորել կրթական դասընթացների բարելավման հարցը (ուսուցիչների վերաորակավորման դասընթացներ, դպրոցների տնօրենների հետ աշխատանք, ֆինանսական աջակցություն և այլն),

ØՄանկավարժական նոր մոտեցումների, մեթոդների, հրատարակությունների կիրառում,

Ø Գիտահետազոտական աշխատանքների իրականացում (համագործակցություն հայագիտական կառույցների հետ):

 
  Սալբի Ղազարյանը քննարկումը շարունակեց Գյուլբենկյան հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատու Անի Կարմիրյանի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ժամանակակից արևելահայերենի դասախոս Շուշան Կարապետյանի և արևմտահայերենի դասախոս Հակոբ Գյուլուջյանի հետ՝ անդրադառնալով երեխաներին հայերենի դասավանդման խնդիրներին ու դժվարություններին, դպրոցում և ընտանիքում հայերեն սովորեցնելու տարբերություններին: Կարևորվեց երեխաների ոչ միայն հայերեն խոսելու, այլև հայերեն մտածելու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով լեզուն միջոց՝ պատուհան դարձնել աշխարհը տեսնելու համար: Ու թեև հայերենը Սփյուռքում չունի պրակտիկ կիրառելիություն, այնուամենայնիվ այն մեր մշակույթի մի մասն է, պիտի մնա ինքնության մասը ու չմեռնի՝ հայերենը կենսունակ պահելը դարձնելով բարոյական որոշում:

Խոսվեց նաև Գյուլբենկյան հիմնադրամի կողմից կազմակերպված «Զարմանազան» մանկապատանեկան ճամբարի մասին, որը առաջին արևմտահայերեն ճամբարն էր՝ կազմակերպված Ֆրանսիայում 2017 թ. ամռանը: Ճամբարի շրջանակում կազմակերպվել էր նաև Սփյուռքի հայկական տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:       
 Քննարկումը կշարունակվի ևս երկու օր:


Աղբյուրը՝ https://armenian.usc.edu/words-in-action-live-stream/