Սեպտեմբերի 5-7-ը ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկազյան համալսարանի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվեց եռօրյան գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր և վաղը» թեմայով: Գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան անցած 20 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք գործակցությանը,  ինչպես նաև ներկա պայմաններում անհրաժեշտ համագործակցության նոր ուղղությունների զարգացման անհրաժեշտությանը:

Գիտաժողովի ներածական նիստին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության հիմնախնդիրները, Հայկազյան համալսարանի նախագահ վեր.- դոկտ. Փոլ Հայտոսթյանն անդրադարձավ կրթաուսումնական գործակցության հեռանկարներին: Հայաստանի և Սփյուռքի միջև հայագիտական գործակցության զարգացման անհրաժեշտության, այդ ոլոտում առկա հիմնախնդիրների և հեռանկարների մասին խոսեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Նա խոսեց հայագիտության հիմնական ուղղությունների մասին, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահել:

«Հայագիտության առջև դրված հիմնարար խնդիրների լուծումը բխում է մեր պետականության, համայն հայության համեմատական շահերից: Ուստի անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ ամբողջ աշխարհում հայագիտական հաստատությունների և հայագետների աշխատանքը համակարգելու համար, հրատարակել օտար լեզուներով  թարգմանվող պարբերական»,-նշեց Արամ Սիմոնյանը:

Գիտաժողովի ընթացքում «Համացանցում հայագիտության ներկայացվածության խնդիրները ՀՀ-Սփյուռք գիտակրթական գործակցության համատեքստում» զեկույցով հանդես եկավ պ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ ՀՀԻ վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը: 

«Հայաստան- Սփյուռք գիտակրթական գործակցության համատեքստում իր ուրույն տեղն է զբաղեցնում հայագիտությունը: Մեր օրերում  առավել քան կարևոր է հայագիտության  համահունչ զարգացումը, դրա արժեքների հասանելի և արդյունավետ մատուցումը: Այստեղ է, որ օգնության է գալիս համացանցը: Մի հարթակ, որը հայագիտության արդի մարտահրավերների նոր էջ  է հանդիսանում: Այն իր հնարավորություններով նպաստում է և՛ հայագիտության արժեքների հանրությանը արդյունավետ ներկայացմանը, և՛ այդ արժեքները խեղաթյուրելու գործին: Գովելի է այն փաստը , որ վերջին շրջանում ավելանում և տարաբնույթ նյութերով են համալրվում հայագիտական՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները գիտականորեն լուսաբանող հայամետ կայքերը թե՛ ՀՀ-ում, թե ԼՂՀ-ում, թե՛ Սփյուռքում»,- նշեց Մ. Հովհաննիսյանը: 

  Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սփյուռքահայ մամուլի և լիբանանահայ գրականության  խնդիրներին, սփյուռքին առնչվող ՀՀ գիտակրթական կառույցների դերին , ինչպես նաև սփյուռքահայ-հայաստանցի ինքնության հարցերին:

Գիտաժողովն ավարտվեց ընդհանուր քննարկմամբ և հուշանվերների հանձնման արարողությամբ: