Ս.թ. հուլիսի 11-ից սկսվել է Սփյուռքի տարբեր գաղութներից ուսանողների համար հայկական առողջ ու դաստիարակիչ մթնոլորտ ստեղծող, հայկական ինքնությանն ու արժեքներին մղող Համազգայինի ուսանողական մշակութային 21-րդ ֆորումը: Մասնակցում են երիտասարդներ ինչպես Սփյուռքի հայկական համայնքներից՝  ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան, այնպես էլ Արցախից ու Հայաստանից:

15 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդները առիթ պիտի ունենան ծանոթանալու Հայաստանին` իբրև տուրիստական երկիր և իբրև հարազատ տուն, հանդիպելու մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, պիտի լսեն պատմամշակութային նյութերով դասախոսություններ, պիտի քննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ:

Հուլիսի 17-ին խումբը այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երիտասարդներին ներկայացրեց համալսարանի մասին տեղեկություններ՝ շատերի մեջ հետաքրքրություն առաջացնելով դասավանդվող ծրագրերի շուրջ: Այնուհետև ֆորումի մասնակիցներն եղան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, ծանոթացան բաժինների գիտական գործունեությանը: ՀՀՒ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց ոչ միայն ինստիտուտի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, այլև առանձին բանախոսությամբ համալսարանականներին տեղեկացրեց ինստիտուտում գործող կրթական ծրագրերի և սփյուռքահայ ուսանողներին տրվող հնարավորությունների մասին: Մհեր Հովհաննիսյանի ուղեկցությամբ խումբը այցելեց նաև ԵՊՀ պատմության թանգարան, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին  բացված ԵՊՀ երախտիքի ծառուղի, որտեղ տեղադրված են 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները: