Ս.թ. հունվարի 29-ին Համազգայինի «Լյուսի Թիւթիւնճեան» ցուցասրահում տեղի ունեցավ հայրենի երիտասարդ գեղանկարիչներ Գայ Ղազանչյանի, Արփի Վարդանյանի և  Ժորա Գասպարյանի «Դեպի ապագա» թեմայով ցուցահանդեսը՝ Լիբանանում ՀՀ դեսպանատան հովանավորությամբ:

Բացման արարողությանը ներկա էին  Լիբանանում ՀՀ հյուպատոս Աշոտ Վարդանյանը, դեսպանատան աշխատակազմի ներկայացուցիչներ,  Պուրճ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մսըրլյանը, արվեստագետներ և արվեստասերներ:

Ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը բարի գալուստ մաղթեց արվեստագետներին` շեշտելով, որ Համազգայինի ցուցասրահի առաքելության մաս է կազմում հայրենի և սփյուռքահայ երիտասարդ ուժերին նեցուկ լինելու և  տաղանդի հայտնաբերման մասնակից դառնալու հանգամանքը:

Իրենց երախտագիտության խոսքն ասացին արվեստագետներ Գայ Ղազանչյանը և Ժորա Գասպարյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, ինչպես նաև այն բոլոր անհատներին և հատկապես ցուցասրահի տնօրինությանը, որոնք սատարեցին միջոցառման կայացմանը:

Ցուցահանդեսում ներկայացված են երեք արվեստագետների 44 ստեղծագործություններ: Ցուցասրահը բաց է ամեն օր և կտևի մինչև ս.թ. փետրվարի 12-ը: