2014 թ. մայիսի 6-ին Մեսրոպյան վարժարանի «Եսայեան» սրահում Երևանի պետական համալսարանի և Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի միջև տեղի ունեցավ համաձայնագրի փոխանակման պաշտոնական արարողությունը` Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ հայր Գեորգ Ծ. վրդ. Եղիայանի, վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստի և կրթական պատասխանատուների, ուսուցիչների ներկայությամբ: Արարողությանը առաջինն իր խոսքն ասաց Մեսրոպյան վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը՝ փաստելով օրվա պատմականությունը, քանի որ պաշտոնապես սկսվում է Երևանի պետական համալսարան-Մեսրոպյան վարժարան գործակցությունը, որն իր մեջ ներառում է փորձառությունների և տեղեկությունների փոխանակում, հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստում, հայրենիքում աշակերտների համարկրթադաստիարակչական ծրագրերի իրականացում Երևանի պետական համալսարանի գործունեության ծանոթացում և հայրենիքում ուսանելու հնարավորությունների ուսումնասիրություն: Մեսրոպյան վարժարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր պ.գ.դ. պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանին, դեսպան Աշոտ Քոչարյանին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից դարձան այս նախաձեռնության հաջողությանը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հայտնեց, որ համաձայնագրով Երևանի պետական համալսարանը Մեսրոպյան վարժարանին կապահովի համալսարանի հրատարակություններով՝ ձգտելով բարելավել Սփյուռքի կրթական օջախների այն առարկաների վիճակը, որոնք առավել զգալի դեր ունեն հայապահպանության գործում, ինչպես նաև Մեսրոպյան վարժարանը դարձնել այն դարբնոցներից մեկը, որը համալսարանի հետ գործակցաբար մատակարարի հայերենի ու հայոց պատմության ուսուցիչներ: Համաձայնագրի փոխանակումից հետո վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը Մհեր Հովհաննիսյանին հանձնեց 75-ամյակի հուշանվերը, որը տեղ կգտնի ԵՊՀ պատմության թանգարանում: Շնորհավորական ուղերձով հանդես եկան նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայր Գեորգ Ծ. վրդ. Եղիայանը: Համաձայնագրի ստորագրությունից հետո պատուիրակությունը հանդիպում ունեցավ Տանն Կիլիկիոյ կաթողիկե հայոց Ներսես Պետրոս ԺԹ. պատրիարքի հետ՝ ստանալով հոգևոր տիրոջ օրհնությունն ու շնորհավորանքները: |