Ս.թ. օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարում էր համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆոռնիայի Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Պայծիկ Գալաջյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Մանակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք համաժողովի առաջարկվող թեմաները՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության լուսաբանումը մամուլում», «Հայոց լեզվի իմացության անաղարտության և պահպանման հիմնախնդիրները և հեռանկարները», «Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները», «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»: Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությունն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: «Ամսի 19-ին տեղի կունենա Սփյուռքի ներկայացուցիչների ընդհանուր համաժողովը, որին կմասնակցեն մասնագիտական խմբեր, որոնցից մեկը՝ լրագրողների: Համագումարին մասնակցելու հայտ է ներկայացրել 82 լրատվամիջոց Սփյուռքից»,- հայտնեց Շ. Գանտահարյանը: |