Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովում, որը կտևի մինչև օգոստոսի 8-ը, քննարկվելու են 2012 թվականի 5-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման, ինչպես նաև Սփյուռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցությանն ուղղված հետագա համատեղ քայլերը:
Խորհրդաժողովը գումարվել է բաց հրավերի տարբերակով. մասնակցում են ինչպես հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով գործող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների, թեմական և ուսումնական խորհուրդների և համայնքային կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, այնպես էլ մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Խորհրդաժողովին մասնակցում է նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ԵՊՀ-ի հեռավար ծրագիրը: Խորհրդաժողովի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Երևանում՝ Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում: Ըստ ծրագրի՝ այսօր նախատեսվում է մասնակիցների գրանցում, աշխատանքային նյութերի տրամադրում և աշխատանքային խորհրդակցություն:
|