Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2014 թ. ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Սփյուռք» ամառային դպրոցը Երևանի պետական համալսարանի հետ իրականացվում է 2012 թվականից, և տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակից երկրների աշխարհագրությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ավարտվեց ամառային դպրոցը, սակայն սրանով ազդարարվեց համայնքներում իրականացվելիք հայապահպան մեծ գործի սկիզբը: Հայրենիքից դուրս հայապահպանությամբ զբաղվելը մեծ զոհաբերություն է: Հատկապես սփյուռքահայ երիտասարդների մասնակցությամբ կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցը: Դուք այժմ կվերադառնաք Հայրենիքով հզորացած՝ ձեռք բերած գիտելիքները բնակության երկրներում կիրառելու և հայրենակիցներին փոխանցելու»: Նախարար Հ. Հակոբյանը առանձնահատուկ կարևորեց Սփյուռքում հայկական դպրոցների և ուսուցիչների՝ հայակերտումի ազգանվեր ու սրբազան գործունեությունը: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր մասնագետներին այս ծրագրի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ելույթով հանդես եկավ նաև ամառային դպրոցի՝ ԵՊՀ պատասխանատու Կամո Աթայանը:
Ամառային դպրոցի մասնակիցները նախարար Հ. Հակոբյանից ստացան ծրագրի մասնակցության հավաստագրերը: Մասնակիցները մեծ ոգևորությամբ ներկայացրին իրենց տպավորությունները և երախտագիտության խոսքեր հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը նման արդյունավետ ծրագրի կազմակերպման և Հայրենիքում վերապատրաստվելու հնարավորության համար: Միջոցառման ավարտին ծրագրի մասնակիցները հանդես եկան հայրենասիրական երգերի և պարերի կատարումներով: Ելույթ ունեցան նաև ամառային դպրոցի ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները և ԵՊՀ մշակույթի կենտրոնի անդամները: |