Հուլիսի 21-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռությամբ 20-րդ ուսանողական ֆորումի շրջանակներում ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, Բրազիլիայի, Վրաստանի, Կիպրոսի տարբեր բուհեր ներկայացնող շուրջ 33 հայ երիտասարդներ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշեց, որ Մայր բուհ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: «Այս հայրենաճանաչ ծրագրի շրջանակներում ԵՊՀ այցելությունը մեծ առաքելություն ունի, քանի որ Մայր բուհն այն կրթօջախն է, որը Հայաստանի և Սփյուռքի համար կրթել է բավականին նշանավոր անհատներ, ովքեր լուրջ դերակատարություն են ունեցել ամենատարբեր բնագավառներում: Այսօր էլ Երևանի պետական համալսարանը ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից է, որը շարունակում է կրթել սերունդներին: Եվ քանի որ ես նույնպես համալսարանական եմ, հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնելու Մայր բուհին»,- ասաց Լիլիթ Գալստյանը: Արամ Սիմոնյանը ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև Մայր բուհում կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունը: Հանդիպման վերջում սփյուռքահայ ուսանողներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ մանրամասն ծանոթացան Մայր բուհի պատմությանը և զարգացման փուլերին: Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումն այս տարի մեկնարկել է հուլիսի 19-ին և տևելու է 17 օր՝ մինչև օգոստոսի 4-ը։ Ծրագիրն աշխարհի տարբեր երկրներում սովորող հայ երիտասարդներին համախմբելու, ինչպես նաև ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ ունի։ Սփյուռքահայ ուսանողներն առիթ կունենան հանդիպելու հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, հայաստանցի իրենց հասակակիցների հետ քննարկելու ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ։ Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպումներ կունենան նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ դասախոսություններ կլսեն «Ո՞վ է հայը. ինքնության խնդիրներ», «Հայ դատ, 100-ամյակ, հատուցում», «Հայոց գրերը, մշակույթն ու պատմությունը», «Հայկական ժառանգությունը Ջավախքի և արդի Վրաստանի մեջ», «Ազգային նվագարաններ» և այլ թեմաներով։ «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն է ընձեռվել: Իհարկե, դեռ ծնողներիս հետ չեմ խոսել, սակայն կուզենայի կրթությունս հայրենի երկրում շարունակել»,- ասում է Ֆրանսիայից ժամանած 18-ամյա Օտէմիս Մատլէնը: |