«Թեհլերյան. Արդարահատույցը» գիրքը 1981-ին հրատարակվել է Հայ յեղափոխական դաշնակցության կողմից, իսկ այսօր կվերահրատարակի Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատունը: Գրքի զույգ հրատարակությունների խմբագրությունը ստանձնել է Հարություն Քյուրքճյանը, որ այս նոր հրատարակության առիթով իր խոսքում հիշում է, թե «բոլոր կենսական աշխատանքներուն կողքին, կենսական կը մնայ ե՛ւ դաստիարակչական գործը, ոգեղէն լիցք ստեղծելու, պահպանելու գործը: Թէհլիրեաններու, Շիրակեաններու, Երկանեաններու աւանդը վերանորոգելու, աճող սերունդները անոնցմով օծելու գործը»: Հատորը լույս է տեսնում տեր և տիկին Արմանտ և Սոնիա Սիմոնյանների մեկենասությամբ՝ ի հիշատակ իրենց հոր` Արշավիր Սիմոնյանի, ով մաս է կազմել ՀՅԴ-ի շարքերի կամավոր կռվողների և իբրև սպա մասնակցել Գարեգին Նժդեհի ու զորավար Անդրանիկի մղած ճակատամարտերին: Այս առիթով հուլիսի 17-ին Համազգայինի «Լյուսի Թյությունճյան» ցուցասրահում հատորի մեկենասի, Համազգայինի Կենտրոնական վարչության, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղարի, հասարակական կառույցների ներկայացուցիչներու, մտավորականների և Համազգայինի բարերարների ներկայութեամբ ընդունելություն տեղի ունեցավ: Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան կողմից Սոնա Թիթիզյանը ներկայացրեց հատորը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց հատորի մեկենաս տեր և տիկին Արմանտ և Սոնիա Սիմոնյաններին: Նա իր խոսքը եզրափակեց հաստատելով, որ այս հատորի վերահրատարակությամբ կշեշտվի այն գաղափարը, թե Սողոմոն Թեհլերյանի և իր նմանների արարքները այսօր ևս արժանի են հարգանքի և դառնալու մանավանդ մեր նոր սերունդների համար գործածվող նյութեր, պահանջատեր երիտասարդության համար: Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանն իր խոսքում անդրադարձավ այս հատորի հրատարակության կարևորությանը՝ վեր հանելով դրա առաքելությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին նորահաս սերունդների մոտ պահանջատիրական ոգին արմատացնելու, ինչպես նաև ազգային պատկանելիության գիտակցությունը խորացնելու տեսակետից: Հ. Հավաթյանը շնորհակալության խոսք ուղղեց հատորի մեկենասին, ինչպես նաև այն բոլոր անհատներին, որոնք դերակատար դարձան այս գրքի հրատարակության համար: |