Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ Սփյուռքի նախարարությանը կից Հայկական լրատվամիջոցների համակարգող խորհրդի նախագահ, «Ազդակ» օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը դասախոսություն ներկայացրեց ԵՊՀ «Ցեղասպանագիտություն», «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներին: Դասախոսությանը ներկա էին ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, նույն բաժնի աշխատակից Սարգիս Գրիգորյանը, ինչպես նաև Հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը: Մհեր Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատմական համարեց այս դասախոսություն-հանդիպումը նման թիրախային լսարանի համար, քանի որ Ցեղասպանագիտության և Սփյուռքագիտության այս ուսանողները կարող են վաղվա մասնագիտական ներուժը լինել: Դասախոսական հանդիպմանը ներկա էին նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը և Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի նախագահ Եսայի Հավաթյանը: Շահան Գանտահարյանը դասախոսեց 100-ամյակին ընդառաջ Անկարայի ձեռնարկած քարոզչաքաղաքական գործողությունների և դրանց դիմաց հայկական դաշտի հակազդեցության ու նախաձեռնողականության անհրաժեշտության մասին: Սեդա Խտըշյանը և Եսայի Հավաթյանը հաջորդաբար զեկուցեցին Ցեղասպանության և Մուսա Լեռան հերոսամարտի 100-ամյակների առիթով կատարվող աշխատանքների մասին: Գիտաշխատողներն ու ուսանողները հարցերով և տեսակետներով մասնակցեցին զեկույցներին հաջորդած քննարկմանը: Սփյուռքահայ գործիչները բարձր գնահատեցին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեությունը` ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը հայագիտության զարգացման և մասնագիտացված ներուժ պատրաստելու առումով: |