Սկյուտարի ճեմարան, հիմնվել է 1838-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում։ Տարեկան ընդունվել Է 50 աշակերտ (10-ը՝ անվճար)։ Առաջին տնօրենը եղել է Հ. Մանվելյանը։ Ճեմարանն ունեցել է ներքին կանոնադրություն։ Դասավանդվել են հայերեն, ֆրանսերեն, թուրքերենի քերականություն, աշխարհագրություն, պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, գեղագիտություն, նկարչություն, գծագրություն, քաղաքավարության կանոններ, հետագայում նաև հողագիտություն, բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, արհեստներ։ ճեմարանի աշխարհիկ բնույթը դուր չի եկել ամիրաներին ու կրոնական խավի բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Շուտով նրանք ոչ միայն հրաժարվել են ճեմարանին նյութական օգնություն ցույց տալուց, այլև դիմել են իրենց բարեկամներին ու համակիրներին երեխաներին ճեմարանից դուրս բերելու պահանջով։ 1840-ին Սկյուտարի ճեմարանի աշակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել Միակամ ընկերությունը, որն ստանձնել է ճեմարանի հոգատարությունը։ Կ. Պոլսի հայոց պատրիարքը հաստատել է նոր հոգաբարձություն (22 արհեստավոր, 2 ամիրա)։ Ամիրաների միջամտությամբ թուրքական կառավարությունը ոչ միայն չի հաստատել հոգաբարձությունը, այլև ձերբակալել է անդամներին։ 1841-ին ճեմարանը փակվել է, վերաբացվել 1846-ին։ 1859-ին ընկնելով նյութական ու քաղաքական ծանր կացության մեջ՝ վերջնականապես փակվել է։ ճեմարանում դաասվանդել են Հ. Թուլյանը, Ս. Փափազյանը, Ա. Տեր-Սահակյանը, Մ. Սրապյանը և ուրիշներ։ Սաներից են եղել Կ. Ութուճյանը, Հ. Ալաջաջյանը, Մ. Մելիքյանը, Մ. Մեզպուրյանը, Ե. Դուրյանը, Զ. Ասատուրը, Ա. Վրույրը և ուրիշներ։ (Տես նաև՝ Թուրքիայում հայկական դպրոցների դերն ու նշանակությունը):
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 186-187:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am