Մշակույթ
(Բուլղարիայի հայ համայնք)
Միջին դարերում Բուլղարիայի հայկական մի շարք զաղթավայրերում եղել են գրչության կենտրոններ, որտեղ գրվել, ընդօրինակվել և պահպանվել են հայերեն ձեռագրեր։ Առավել արժեքավոր են 966-ին ոմն Կիրակոս երեցի ձեռքով գրի առնված ձեռագիրը, 1007-ին գրված ու մանրանկարված ձեռագիրը, հայ անվանի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» (1469) աշխատասիրությունը ևն։ Բուլղարիայի հայկական վանքերում և եկեղեցիներում պահվել են շուրջ 200 հայերեն ձեռագրեր, որոնց զգալի մասը գրվել է Հայաստանի տարբեր վայրերում, արտերկրի հայաշատ կենտրոններում և Բուլղարիա թափանցել հայ գաղթականների հետ: Բուլղարիայում հայ մշակութային կյանքն աշխուժացել է Բուլղարիայի անկախության հռչակումից (1878) հետո։ Կարևոր դեր են կատարել գրադարան-ընթերցարանները։ Առաջինը և ամենամեծը 1883-ին Պլովդիվում հայոց վարժարանի ուսուցիչ Տաճատ Լութֆյանի հիմնած «Գրասիրաց եղբայրություն» ընթերցարանն էր, որը շուտով վերածվել է պլովդիվահայ համայնքի մշակութային կենտրոնի, այստեղ նշվել են հայոց ազգային տոները, պատմության և մշակույթի նշանակալի տարեդարձերը ևն։ 1994-ին Պլովդիվում նշվել է «Գրասիրաց»–ի հիմնադրման 110-ամյակը։
Մի շարք քաղաքներում ևս գործել են ընթերցարաններ, ակումբ-գրադարաններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել են միայն ՀՀԴ կուսակցությանը պատկանող առանձին ակումբ-գրադարաններ, իսկ 1944-ից մինչև կոմունիստական վարչակարգի տապալումը՝ «Երևան» մշակութային միության գրադարանները։
1990-ական թթ. սկսած վերաբացվել են գրադարան-ընթերցարանները, որոնք կարևոր աշխատանք են կատարում երիտասարդ սերնդին հայեցի դաստիարակելու և ազգային մշակույթին հաղորդակից դարձնելու ուղղությամբ։
2003-ին Սոֆիայում լույս է տեսել «Մենք» բուլղարերեն պատկերազարդ հանդեսը, որը հայկական մշակույթի, պատմության և ավանդույթների համառոտ հանրագիտարան է:
Գրականություն
1920-80-ական թթ. իրենց արձակ, չափածո պատմական ու բանասիրական ստեղծագործություններով աչքի են ընկել Զ. Պլպուլը, Օ. Զարմուհին (Փանիկյան), Հրանտ Հրահանը, Կ. Կարագյոզյանը, Պարույր Ասատուրը, Կարո Ղազարոսյանը, Տիգրան Մւսրտիրոսյանը, Ներսես Ղասապյանը, Վ. Չերչյանը, Մ. Հադիդյանը, է. Սելյանը, Մ. Տոնիկյանը, Գրիգոր Փափազյանը, թարգմանիչներ Հակոբ Օրմանճյանը, Կարո Հայրապետյանը, Կարո Կիլիկյանը (բուլղարերեն են թարգմանել հայ դասական գրողների երկեր)։
Հայտնի մտավորականներից են արձակագիր և հասարակական գործիչ Սևդա Սևանը (1999-ից Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան), բուլղարացի հայտնի գրող և հայ ժողովրդի մեծ բարեկամ Վրբան Ստամատովը (1924-98), բուլղարահայ գրող և հրապարակախոս Հակոբ Մելքոնյանը։
XIX դ. վերջին և XX դ. սկզբին ստեղծվել են մի շարք աշխատություններ նվիրված Հայաստանի և հայ գաղթավայրերի պատմությանը:
Թատրոն
Բուլղարահայ համայնքի առաջին ինքնագործ թատերական խմբերը ստեղծվել են դեռևս XIX դ. հայկական դպրոցներին կից։ Նրանք աշակերտների և սիրողների մասնակցությամբ ներկայացրել են ազգային-հայրենասիրական բովանդակությամբ բեմադրություններ։ Այնուհետև Բուլղարիայում գործող հայրենակցական միությունների աջակցությամբ կազմակերպվել են կիսապրոֆեսիոնալ թատերական խմբեր «վեսելո», «Նադեժդա», «ժիրայր» ևն, որոնց խաղացանկում ներառվել են եվրոպական և հայ դասական դրամատուրգիայի երկեր։ Համայնքի թատերական կյանքի աշխուժացմանր նպաստել են Կ. Պոլսից. Անդրկովկասից և այլ վայրերից ժամանած դերասանական խմբերի հյուրախաղերը։
1906-ին Հակոբյան ամուսինները Վառնայում ստեղծել են «Օրիենտալ» թատերախումբը, իսկ 1925-ին թատերախումբ է կազմակերպվել Պլովդիվի «Հառաջ» ընթերցարանին կից Օնիկ Քեչյսւնի, Խաչիկ Պալյանի և Պետիկ Զավենի ջանքերով։ 1930-ական թթ. թատերական խմբեր են գործել ՀՕԿ-ի մասնաճյուղերին կից։ 1950-70-ական թթ. «Երևան» մշակութային միությանը կից գործող թատերական խմբերից հատկապես հայտնի Էին Սոֆիայի Գ. Սունդակյանի անվան, Վառնայի Ա. Շիրվանզադեի անվան և Պլովդիվի թատերախմբերը: 1989-ին Պլովդիվում ստեղծվել Է «Պարոնյան» թատերախումբը։
Երաժշտություն
XIX դ. վերջից բուլղարահայ համայնքում գործել են բագմաթիվ երգչախմբեր։ Հայտնի Էին Պլովդիվի «Գրասիրաց եղբայրություն» միության «Դայլայլիկ» և «Մեդեդի» (1883-ից), նույն համայնքի Վահան Մանուելյանի (1904-ից), Վառնայի հայ համայնքի Բարսեղ Կանաչյանի (1920-ից), Ռուսեի «Կոմիտաս» (1932-ից) և Սոֆիայի «Քնար» (1927-ից) երգչախմբերը։ Ներկայումս գործում Է «Երևան» մշակութային միության «Գիրգոր Գիրգորով» երկսեռ երգչախումբը։
Կերպարվեստի ոլորտում Բուլղարիայում ճանաչման են արժանացել գեղանկարիչ և քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը, գեղանկարիչներ Տիրան Սարգսյանը, Հրանա Անանյանը, Հայկուհի Հարությունյան-Խաչատրյանը (Հիլդա), Կալինե Փափազյանը, Ոսկան Ադամյանը, Արտաշ Թավուքճյանը, Նվարդ Աբգարյանը և ուրիշներ։
Կինոարվեստ
1940-ական թթ-ից Բուլղարիայում ֆիլմեր են նկարահանել Բուլղարիայի ժողովրդական արտիստ Գրիգոր Ագարյանը (Պլովդիվի թատրոնի, ապա Սոֆիայի Ի. Վագովի անվան թատրոնի ռեժիսոր), Խ. Բոյաջիևր։ 1988-ին Բուլղարիայում նկարահանվել է «Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը (ռեժիսոր և սցենարի հեղինակ Սեդա Սևան)։
Զոհրաբ Ղասաբյան, Կարո Ճինգոզյան
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am