Իսպանիայի Թագավորություն, պետություն Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Տարածքը՝ 506 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 46 մլն (2010)։ Մայրաքաղաքը՝ Մադրիդ (3,2 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 5 հզ.։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին։
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից։ Սակայն դրանք գործուն են դարձել միայն միջին դարերում խաչակրաց արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ իսպանացի խաչակիրներ եկել են Կիլիկյան Հայաստան, հաղորդակցվել հայերի հետ, օգտվել նրանց աջակցությունից։ XIII դարից սկսած իսպանական նավերը խարիսխ են գցել Կիլիկիայի նավահանգիստներում։ 1239-ին Արագոնի թագավորը դիմել է Կիլիկիայի հայոց թագավորին՝ խնդրելով իսպանացիներին Կիլիկիայում շնորհել այն արտոնությունները, որ ունեցել են ջենովացիները և վենետիկցիները։ Կիլիկիայի թագավոր Օշինի օրոք փորձեր են արվել քաղաքական հարաբերություններ հաստատել Իսպանիայի հետ։ Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Զ Լուսինյանին եգիպտական գերությունից ագատելու գործում մեծ ջանքեր են թափել Կաստիլիայի և Բարսելոնի դեկավարները։ 1383-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյարելե և Անդուխար քաղաքների հետ) պարգևել է Լևոն Զ Լուսինյանին ցկյանս տնօրինելու  իրավունքով։ XV-XVI դդ. հայտնի են հայ դիվանագետների առաքելությունները Իսպանիայում։

XVII-XVIII դդ. հաճախացել են հայ վաճառականների այցելություններր Իսպանիայի առևտրական կենտրոններ (Կադիս, Սեիլիա, Բարսելոն, Մադրիդ)։ Տարբեր ժամանակներ Իսպանիա այցելած հայ ճանապարհորդները տեղեկություններ են թողել այդ երկրի մասին։ Իսպանական դեսպանատներում թարգմանչի պաշտոններ են վարել իսպաներենին և արևելյան լեզուներին տիրապետող հայեր։ Սակայն Իսպանիայում հավաքական հայ համայնք չի կազմակերպվել։ Ենթադրվում է, որ XVIII դ. փոքրաթիվ հայ գաղութ է եղել Կադիսում, ուր այցելել են հայ հոգևորականներ՝ հավանաբար գաղութը հովվելու նպատակով։ Հայկական փոքրաթիվ գաղութ է հիմնվել Մադրիդում Առաջին աշխարհամարտի տարիներին։
2003 թ. ոչ պաշտոնական տվյալներով Իսպանիայում բնակվում է մոտ 5 հզ. հայ։ Հիմնականում Հայաստանից արտագաղթածներ են՝ կենտրոնացած Մադրիդ, Բարսելոն և Սևիլիա քաղաքներում։ Իսպանիայի քաղաքացիություն չունենալով՝ նրանք ընդգրկված են մանր առևտրի և սպասարկման ոլորտների ժամանակավոր աշխատանքների մեջ։ Ազգային կյանքը կազմակերպված չէ, համայնքային որևէ կազմակերպություն դեռևս չի ստեղծվել։

 

Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am