Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ՍԴՀԿ (Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն)

            Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)


 Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հայ ազգային-քաղաքական կուսակցություն է։ Հիմնադրվել է 1887-ի օգոստոսին, ժնևում։ Հիմնադիր ղեկավարներն էին Ռուսաստանից եկած մի խումբ հայ ուսանողներ Ավետիս Նազարբեկ, Սաբո Վարդանյան, Քբիստափոր Օհանյան, Գաբրիել Կաֆյան, Ռուբեն Խանազատ, Գևորգ Ղարաջյան։ Կենտրոնական օրգանն էր «Հնչակ» թերթը (այստեղից էլ անվանումը)։ Կուսակցության սոցիալական հիմքը կազմում էին ռազնոչին (տարատոհմիկ) մտավորականությունը, արհեստավորները, մանր առևտրականները, գյուղացիները, նաև բանվորներ որոշ արդյունաբերական շրջաններում։ Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Օսմանյան կայսրությունում (114), ԱՄՆ-ում (86), Ռուսաստանում (36), Պարսկաստանում (15), Բուլղարիայում (9), Ռումինիայում (7), Եգիպտոսում (6) ևն։

Հնչակյան կուսակցությունը ծնունդ էր հայ ազգային-ազատագրական շարժման նոր փուլի, երբ ազատագրական խմբակներին ու կազմակերպություններին փոխարինելու եկան քաղաքական կուսակցություները։ Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստել են հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-դեմոկրատական հոսանքը (Միքայել Նալբանդյան, Րաֆֆի) և ռուս դեմոկրատ Ա. Գերցենի ու նրա «Կոլոկոլ» պարբերականի ("Колокол" հայերեն` «Հնչակ») գաղափարները, ռուս հեղափոխական նարոդնիկությունը։ 1888-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ հեռավոր նպատակ՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։ Միջազգային սոցիալ-դեմոկրատական շարժման աշխուժացման պայմաններում հնչակյանները նարոդնիկական տիպի ազգային սոցիալիստական կուսակցությունից վերաճում էին ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության։ Հնչակյաններն առաջինը հայ հասարակությանը ծանոթացրեցին ժամանակի սոցիալիստական մտքին։ Կուսակցության ծրագրում սոցիալիզմի մասին հոդվածի առկայությունը պատճառ է դարձել կուսակցության պառակտման։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896-ին անջատվել են և ձևավորել առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը (Լոնդոնում)։ Ռուսական երեք հեղափոխությունների ընթացքում հնչակյան որոշ կազմակերպություններ գործակցել են ՌՍԴԲԿ-ի հետ։ Հնչակյանները, սակայն, դեմ էին Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ բոլշևիկների պարտվողական դիրքորոշմանը, ավելի ուշ Բրեստի հաշտությանը (1918)։

Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր։ XIX դ. 80 90-ական թթ. Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ հնչակյանները շուտով համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է։ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։ Մեծ արձագանք են ունեցել հնչակյանների կազմակերպած (1890-ի հունիսի 18-ին Կաբինում, 1890-ի հուլիսի 15-ին Կ. Պոլսում) ցույցերը, ելույթները։ 1894-ին Սասունում կազմակերպած զինված ելույթները թեպետ պարտություն են կրել, սակայն եվրոպական տերություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիր (հայտնի է 1895-ի «Մայիսյան բարենորոգումներ» անվամբ)։ 1890-ական թթ. կեսին, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակն է դարձել արևմտահայերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանաթյունը։ Նրանք ակտիվորեն մասնակցել են զինված ելույթներին Զեյթունում, Վանում, Սասունում, որոնք, սակայն, նույնպես ավարտվել են անհաջողությամբ։

1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, ելնելով նոր քաղաքական իրավիճակից, Հնչակյան կուսակցությունը փոխել է իր ծրագրային պահանջները, որդեգրել երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվել զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից հայտարարելով, որ կուսակցության առաջնային նպատակն է Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունը, ամբողջ Թուրքիայի համար՝ ժողովրդավարական սահմանադրությունը: 1912-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, իսկ ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով։ Բայց շուտով սահմանադրական պատրանքներր ցրվել են, և ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմության և ինքնապաշտպանության խնդիրները: Սակայն նրանք չհասցրին հայ բնակչությանը նախապատրաստել ինքնապաշտպանության։ Երիտթուրքերը ջախջախեցին Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ձերբակալեցին ղեկավար գործիչներին, որոնցից 20-ին (Փարամազ և ուրիշներ) 1915-ին կախաղան հանեցին Կ. Պոլսում։ Հնչակյանները դարձան սկսվող ցեղասպանության առաջին զոհերը։ Չնայած դրան որոշ վայրերում նրանք կարողացել են կազմակերպել գինված դիմադրություն (1915-ի Մուսա լեռան հերոսամարտը, Ֆընտըճագի ինքնապաշտպանությունը ևն), և հայ բնակչության մի մասը փրկվել է։ Կուսակցության կենտրոնական վարչությունը 1915-ի հունվարի 7-ին Փարիզում դիմել է աշխարհի հանրությանը՝ փրկելու հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) հնչակյաններն ակտիվորեն մասնակցել են ռուսական բանակի կազմում հայկական կամավորական գնդերի կազմակերպմանն ու գործունեությանը 1916-ին Ֆրանսիական կառավարության որոշմամբ ստեղծվել է Արևելյան լեգեոնը (Հայկական լեգեոն), որը հիմնականում կազմված էր հնչակյաններից։ 1918-ի մայիսին հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։

1920-ի օգոստոսին հնչակյանների ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմակերպվել Հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ։ Դրանք անմիջապես ճնշվել են Ֆրանսիական իշխանությունների կողմից։

Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել ժամանակավոր կառավարությանը։ Կուսակցությունն ընդունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։ ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ արտահայտվել դաշնակցականների գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (մինչդեռ սփյուռքի հնչակյանները ողջունել են այն)։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակից հետո, ենթարկվելով Կոմինտերնի 1923-ի փետրվարի 5-ի Հնչակյան կուսակցության մասին որոշմանը, ԽՍՀՄ տարածքում հնչակյան կագմակերպությունները լուծարվել են, մի մասը մտել ՌԿ(բ)Կ շարքերը։

Արտերկրի հնչակյան կազմակերպությունները սկզբում անվստահությամբ են վերաբերվել խորհրդային իշխանությանը, սակայն աստիճանաբար փոխել են իրենց դիրքորոշումը։ 1920-ի դեկտեմբերին հնչակյանները հանդես են եկել Խորհրդային Հայաստանին օգնելու կոչով, դատապարտել 1921-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբությունը: 1924-ին ՍԴՀԿ-ն որոշումներ է կայացրել Խորհրդային Հայաստանը ճանաչելու, III ինտերնացիոնալին աջակցելու, հակախորհրդային կուսակցությունների հետ չհամագործակցելու մասին։ Այս սկզբունքների վրա էլ կառուցել է իր գործունեությունը երկրորդ աշխարհամարտի (1939-45) տարիներին հնչակյանները պայքարել են ֆաշիզմի դեմ, նյութական և բարոյական օգնություն ցույց տվել խորհրդային ժողովրդին և կարմիր բանակին։ Հետպատերազմյան շրջանում շարունակել են դրվատել խորհրդային իշխանության տարիներին հայ ժողովրդի ձեռք բերած նվաճումները:

Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գործունեության գլխավոր առանցքը եղել է հայապահպանությունը։ Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներում կուսակցության ջանքերով հիմնվել և գործում են կրթական, մշակութային, մարզական-երիտասարդական հաստատություններ, կազմակերպություններ և ակումբներ։ ՍԴՀԿ հովանավորությամբ են գործում Նոր սերունդ մշակութային միությունը, Հայ մարմնա-մարզական միությունը, որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում։ ՍԴՀԿ-ն հանդես է գալիս ազգային համերաշխության և միջկուսակցական համագործակցության դիրքերից, զորավիգ է Հայ առաքելական եկեղեցու միավորման գաղափարին։ Չնայած առանձին գաղութներում կուսակցության ազդեցության թուլացմանը՝ հնչակյանները շարունակում են ազգապահպան գործունեությունը՝ իրենց հիմնական խնդիրը համարելով Հայկական հարցի լուծումը։

2001-ի ապրիլին Լառնակայամ (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը։ Ընդունելով «անկախ Հայաստանի պետականության իրավական իրողությունը և նրա տասնամյա գոյության դիմագրաված առարկայական դժվարությունները և գնահատելով իրարահաջորդ իշխանությունների դրական ճիգերով ձեռք բերված արդյունքները»՝ կու-սակցությունը միևնույն ժամանակ Հայաստանի ներկա վիճակը համարում է մտահոգիչ. «Քաղաքական կյանքը կընթանա դեպի լճացում, ուր հակաժողովրդավարական ձևերով մեկուսացումի և ապալրատվության կենթարկվեն ընդդիմադիր ձայները»։ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և ընկերային վիճակի ուղղակի հետևանք է համարվում արտագաղթը՝ «հայ ժոդովրդի և Հայաստանի առաջ ծառացած մեծագույն դժբախտությունը»։

Հնչակյանները շարունակում են Ղարաբաղի հարցի լուծման համար հիմք համարել ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը՝ ընդունելի գտնելով «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միացումը կամ նրա անկախ կարգավիճակի ընդունումը»։ Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականաթյանը՝ կուսակցությունը գտնում է, որ «Ռուսական արևելումը կմնա Հայաստանի իրավիճակից թելադրված և պատմականորեն արդարացված քաղաքական իրատես ուղղությունը»: Կարևոր իրագործում համարելով հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների խորհրդարանների կախից համագումարը կրկին հավաստում է, որ «Հայ դատը համայն հայության գերագույն դատն է, և նրա հետապնդումը պարտականությունն է հայ ժոդովուրդը բաղկացնող բոլոր ուժերի»։

ՍԴՀԿ 17-րդ համագումարն իր պաշտոնական հայտարարության մեջ արձանագրում է, որ «1956-ին իր գագաթնակետին հասած եկեղեցական տագնապը շարունակում է անլույծ մնայ», իր գորակցաթյունն է հայտնում Մայր աթոռ Ս. Էջմիածնին «նրա նախամեծարության նկատմամբ ազգային նախանձախնդրությամբ և նրա պահանջքների արդարացիության հանդեպ համոզումով», դեմ արտահայտվում «Կիլիկիո կաթողիկոսության և նրա ենթակա թեմերի ղեկավարման հատվածական մենատիրության»։ Եկեղեցին, համարվելով համահայկական կենտրոն, առաջարկում է նրա «ապակուսակցականացումը և ապաքաղաքականացումը, որ Հայ եկեղեցու դերին կտա պատմական առաքելության ընդհանրական բովանդակություն»։

Նկատի առնելով, որ հայ սփյուռքը «իր քանակական աճով և սփռումի այլ տարածքներով» այսօր նոր պատկեր է ներկայացնում, և որդեգրելով ազգապահպանման «նոր և արդիական միջոցառումներ» համագումարը շեշտեց սփյուռքի կրթական, բարեսիրական, մարզական, երիտասարղական և մշակութային կառույցներն ամրացնելու անհրաժեշտաթյունը՝ «հայկական սփյուռքն իր ազգային դիմագծով պահելու և պահանջատիրական պայքարին նոր թափ տալու առաջադրանքով»։

Կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը կենտրոնական վարչությունն է (նստավայրը՝ Բեյրութ), ատենապետն Է Տիրան Ակինյանը (2001-ից, Դամասկոս)։ 1991-ից գործում է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կասակցությունը։ Նախագահն է Ջորջ Հակոբյանը: ՍԴՀԿ-ն 114-ամյա իր գործունեության ընթացքում հրատարակել է պաշտոնաթերթեր ու հանդեսներ, որոնք լուսաբանել են կուսակցության գործունեությունը արևմտահայության ազգային-ազատագրական պայքարը, քարոզել թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման գաղափարը, արծարծել Հայկական հարցը, տեղեկություններ հաղորդել հայաբնակ գավառների բնակչության տնտեսական և քաղաքական կացության վերաբերյալ, հայ իրականության մեջ առաջին անգամ տարածել մարքսիստական և սոցիալիստական գաղափարներ։ Հայտնի հրատարակություններից են «Հնչակ» հասարակական-քաղաքական(1887-1915) և «Հնչակ» տեսական (1935-40) ամսաթերթերը, «Գաղափար» (1904) տեսական եռամսյա հանդեսը «Հնչակյան մամուլ» քաղաքական, գիտական և գրական կիսամսյա թերթը (1929-31), «Շարժում» շաբաթաթերթը (1937 91) ևն։

Ներկայումս լույս են տեսնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթը (2001-ից շաբաթաթերթ, Բեյրութ), կուսակցության Արևմտյան Ամերիկայի կազմակերպության պաշտոնաթերթ «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) ևն։

Գրականության ցանկ՝
«Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am