«Ժամանակ» օրաթերթ
(Թուրքիա)
«Ժամանակ» օրաթերթը հիմնադրվել է 1908թ. հոկտեմբերի 28-ին Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից:
«Ժամանակը» Թուրքիայում անընդմեջ հրատարակված ամենահին թերթերից մեկն է և կրում է «ազգային փոքրամասնություններին պատկանած և անընդմեջ հրատարակված ամենահին թերթ» տիտղոսը։ Եւ՛ Օսմանյան կայսրության, և՛ Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում տպագրված, պատմական արխիվային նշանակություն ունեցող սույն պարբերականը 80 տարի շարունակ լույս է տեսնում որպես երեկոյան թերթ։
Երկար տարիներ թերթը լույս է տեսել Քարաքյոյում (շրջան Ստամբուլում), որից հետո Թունելում գտնվող Նարմանլը խանում ու Բեյօղլուի Իսթիքլյալ պողոտայի Փոստաջըլար փողոցի Սանտա-Մարիա խանում, իսկ ներկայում լույս է տեսնում Ֆերքյոյում։ Թերթն անդրադառնում է բազմաթիվ ոլորտների՝ սկսած քաղաքականությունից մինչև արվեստ, կրոնական ապրելակերպից մինչ տնտեսություն, սպորտ և այլն։
Հիմնադրման տարիներին թերթը տարածվել է Բալկաններից մինչև Կովկաս, հյուսիսում հասել մինչև Եգիպտոս և տպվել մոտ 15 հազ․ տպաքանակով. այսօր այդ տպաքանակի 10 տոկոսի չափով հասնում է ընթերցողներին։
Թերթի ներկայիս տնօրենը Գոչունյան ընտանիքի չորրորդ սերնդից Արա Գոչունյանն է։
Կարմիր տիտղոսաթերթով և 4 էջանոց սև-սպիտակ թղթով հրատարակվող թերթը շաբաթվա մեջ 6 օր շարունակ հասնում է ընթերցողներին։ Ստամբուլում 6-7 հոգի այն բաժանում են հայ քաղաքացիների տներ ու աշխատավայրեր։ Հայտնի վաճառակետերից մատակարարվող թերթը Շիշլիի, Քադըքյոյի, Բեշիքթաշի, Բաքըրքյոյի, իսկ ամռան ամիսներին Իշխանաց կղզիների թերթի կրպակներում է վաճառվում, ուղարկվում է նաև արտասահման։
5 տարի առաջ ստեղծվել է «Ժամանակի» առցանց կայքը, որի միջոցով աշխարհի չորս կողմերում բնակվող իր ընթերցողներին տեղեկություններ է հաղորդում։
Ըստ թերթի ներկայիս գլխավոր խմբագրի՝ 1908 թ․ պայմաններում Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հայերենով թերթի հրատարակումը նշանակել է մասնակցել հասարակական կարծիքի ձևավորմանը։
Իսկ այսօր «Ժամանակն» առավելապես փոքրամասնության թերթի բնույթ ունի: Գործունեությունը ծավալում է հիմնականում Ստամբուլի հայ համայնքի, վաքըֆնրի վերաբերյալ լուրեր հաղորդելով:
«Ժամանակ»-ի ընթերցողների ինքնությունը 3 առանցքային տարրերից է բաղկացած՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ծագումով հայեր և մեծ մասամբ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Թերթի օրակարգը ձևավորվում է նույն ինքնության անկյունաքարին զուգահեռ։ Այսինքն՝ Թուրքիայի քաղաքականության, համաշխարհային քաղաքականության, թուրք-հայկական հարաբերությունների, հայկական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, հայկական եկեղեցու հետ կապված լուրերը թերթի օրակարգում դրված հիմնական հարցերն են։ Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները ևս արտացոլվում են թերթում։
Թերթը հրատարակվում է արևմտահայերենով։ Աշխարհում վտանգված այս լեզվով տպագրվելով՝ թերթը մեկ այլ յուրահատկություն էլ է ձեռք բերել. այն դարձել է արևմտահայերենի գործածության կարևոր շրջանակներից մեկը։
«Ժամանակը» իր ողջ պատմության ընթացքում անկախ թերթ է եղել։ Երբեք որևէ կուսակցության կամ կառույցի կողմից հովանավորված թերթ չի եղել։ Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց 1915 թ․ տեղի ունեցած դեպքերին (Հայոց ցեղասպանությանը) գավառի եկեղեցական առաջնորդություններից Պատրիարքություն ուղարկված զեկույցների ու միջազգային մամուլում արտացոլված նյութերի միջոցով է սկսել արձագանքել։ Բայց, իհարկե, թերթի հին էջերում այդ ժամանկաշրջանին պատկանող կարևոր փաստաթղթեր կան։
Աղբյուրը՝ www.akunq.net
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am