ԴԱՆԻԱ
Դանիայի Թագավորություն, պետություն Հյուսիսային Եվրոպայում: Տարածքը՝ 44,5 հզ. կմ2: Բնակչությունը՝ 5,543 453 մլն (2012): Մայրաքաղաքը՝ Կոպենհագեն (500 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 3 հզ.:
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:
Հայերը Դանիայում սկսել են բնակություն հաստատել 1970-ական թթ.-ից: Նրանք Լիբանանից, Իրանից, 1990-ական թթ. սկզբին նաև Հայաստանից գաղթածներ են, հաստատվել են Օրհուս (Օռուս) քաղաքում: Ներկայումս (2003) Դանիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ: Հիմնականում արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ, մանր առևտրականներ. զգալի թիվ են կազմում լուսանկարիչները: Դանիայում հայկական եկեղեցի չկա, համայնքի հոգևոր կարիքները հոգում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (կենտրոնը՝ Վիեննա): Գործում է կիրակնօրյա մեկ դպրոց (ղասավանդվում են հայոց լեզու և պատմություն): Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը:
Օրհուսի համալսարանում է աշխատում հայագիտությամբ զբաղվող դանիացի գիտնական Հ. Լեհմանը: Հիշարժան են դանիացի միսիոներուհիներ Կարեն Եփփեն (1876- 1935) և Մարիա Յակոբսենը (1882- 1960), ովքեր իրենց նվիրվածությամբ և բարերարությամբ փրկել են Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրավոր հայ որբերի, հիմնել որբանոցներ, կազմակերպել երեխաների բուժումը և կրթության գործը:
Դանիայի փոքրաթիվ հայ համայնքն ըստ կարելվույն օգնություն է ցուցաբերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:
Պետրոսյան Ա.
Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am