ԱՎՍՏՐԱԼԻԱ

 

Պետություն Ավստրալիա մայրցամաքում (ներառում է նաև Թասմանիա և հարակից մանր կղզիները): Տարածքը` 7682,3 հզ. կմ2: Բնակչությունը՝ 18,7 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Կանբեռա (331 հզ.): Հայերի թիվը 35-40 հզ.: 

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի միջև հաստատվել են 1991-ին:


   Հայերի աոաջին փոքրաթիվ խմբերը Ավստրալիայի մայրցամաք են եկել XIX դ. կեսին Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Սինգապուրից և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներից, Արևմտյան Հայաստանից: Հայերի Ավստրալիա գալը հատկապես խրախուսել Է Սինգապուրում լույս տեսնող «Ուսումնասեր» հայալեզու լրագիրը (1849-53), որի խմբագիր Գրիգոր Գալստյանը (Գալստանյան) և առևտրական Մելքում Մանուկ Նորջուղայեցին Ավստրալիայում հաստատված առաջին հայերից Էին: Սակայն հայերի թիվը 1891-ին չի անցել մի քանի տասնյակից: 1918-ին Մեծ եղեռնից մազապուրծ փոքրաթիվ հայ գաղթականներ, գլխավորապես բարեգործական կազմակերպությունների միջոցով, ապաստանել են Ավստրալիայում: Նրանք բնակություն են հաստատել Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում, աշխատել են ոսկու հանքերում, գործարաններում, պետական գրասենյակներում, զբաղվել արհեստներով, առևտրով, նաև հողագործությամբ: Աչքի են ընկել մեծահարուստ բարերար Հարություն Ակինյանը, Պալաքյան, Կայծքարյան, Կարագյոզյան, Քիվրիղյան, Շալջյան, Ամիրյան ընտանիքները: Մեծ ճանաչում Է ունեցել Մելբուռնի համալսարանի պրոֆ. Կարագյոզյանը: 

   1918-20-ին Ավստրալիայի ներգաղթային քաղաքականության մեջ մտցվել է «անցանկալի տարագիրներ» հասկացությունը, ինչը որոշ չափով դժվարացրել է հայերի մուտքր մայրցամաք: Վիճակը փոխվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-45) հետո, երբ Ավստրալիայի տնտեսության հզորացման ռազմավարական նպատակով կառավարությունը նախաձեռնել է երկրի բնակչության և արդյունաբերության մեջ ներգաղթողների թվի ավելացման գործը: Ավստրալիա գաղթած հայերն այս ժամանակաշրջանում ապահովվել են աշխատանքով ու կացարաններով: Ավստրալահայ համայնքն սկսել է կազմավորվել 1950-ական թթ. վերջին: 1960-ական թթ. սկզբին երկրում բնակվել է շուրջ 1000 հայ: Հայերի նոր զանգվածային հոսքը Ավստրալիա (գլխավորապես Եգիպտոսից, նաև Միջին Արևելքի երկրներից և Պարսկաստանից) տեղի է ունեցել 1962-65-ին: 1966-ին, ըստ պաշտոնական մարդահամարի տվյալների, հայերի թիվը Ավստրալիայում կազմել է 6 hզ., 1970-ական թթ. ավելի քան 13 հզ.: Ավստրալահայ գաղութը հաջորդ տարիներին ևս աճել է Իրաքից, Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Սուդանից, Եթովպիայից, Թուրքիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, վերջին շրջանում նաև Հայաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից գաղթած հայերի հաշվին: Ներկայումս (2003) Ավստրալիայում ապրում է 35-40 hզ. հայ կենտրոնացած Սիդնեյ (25 hզ.) և Մելբուռն (10 հզ.) քաղաքներում: Փոքրաթիվ հայ համայնքներ կան Պերտ (500), Ադելաիդա (200), Բրիզբեն (300), Հոբարտ (50), Կանբեռա (40) քաղաքներում: Համայնքի բնակչության հիմնական մասը հայախոս է: Իբրև նոր համայնք բավականին ստվար է բանվորների խավը (40 %). կան պետական ծառայողներ, արհեստավորներ (ոսկերիչներ), լուսանկարիչներ, աոևտրականներ, խոշոր ու միջին արդյունաբերողներ: Վերջին 10-15 տարվա ընթացքում ավելացել է բժիշկների, փաստաբանների ու այլ մասնագետների թիվը:

   Ավստրալահայ համայնքի ներկայացուցչական մարմինը թեմական խորհուրդն է: Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ: Ազգային կյանքը կազմակերպում են ՌԱԿ, ՀՀԴ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները, Համազգային, Վահան Թեքեյան, Նոր սերունդ մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԵՄ մասնաճյուղերը: Գործում են երիտասարդական և մարզական միություններ, թատերախմբեր, երգչախմբեր, պարախմբեր: Հայերն ունեն ծերանոց «Հայ հանգստյան տուն»: Լույս են տեսնում հայերեն պարբերականներ: Գործում են հայկական ռադիոժամեր: Գաղութն ունի աշխույժ մարզական կյանք:

 Ավստրալահայերն իրենց նպաստն են բերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

   Մելբուռնի հայ համայնքը կազմավորվել է 1960-ական թթ. սկզբին: 1966-ին այստեղ բնակվել է 1500, 1976-ին 4500, 2003-ին 10 հզ. հայ: Համայնքում գործում են Ս.Աստվածածին աոաքելական եկեղեցին (որին կից Ակինյան շաբաթօրյա դպրոցը) և կաթոլիկ եկեղեցի, ինչպես նաև Համազգայինի Մեսրոպ Մաշտոց մեկօրյա վարժարանը (1985-ից), եկեղեցասեր տիկնանց, երիտասարդական, պատանեկան միությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ Մելբուռնի մասնաճյուղերը, պոլսահայերի կազմած Սահակյան մարզական միության ֆուտբոլի թիմերը: Գործում են պարախումբ և երգչախումբ, ինչպես և հայկական ոադիոժամ: 1966-ից Մելբուռնում լույս է տեսնում «Հույս» ամսագիրը:

   Սիդնեյի հայ համայնքը կագմավորվել է 1950-ական թթ. վերջին: 1983-ին այստեղ բնակվել է 10 հզ., 2003-ին 25 հզ. հայ: Գործում են հայ աոաքելական Ս. Հարություն, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ: Սիդնեյում առաջին հայկական դպրոցը հիմնել է Արամայիս քհն. Միրզայանը 1960-ին: Ներկայումս գործում են Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստըն, ՀԲԸՄ Ալեքսանդր, հայ կաթոլիկների Ս. Գրիգոր Լուսավորիչ ամենօրյա և Ալեք Մանուկյան, Թարգմանչաց, Փափազյան, Թումանյան մեկօրյա վարժարանները: Աշխույժ գործունեություն են ծավալում հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները և նրանց հովանավորությամբ գործող մշակութային միությունները, ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ Սիդնեյի մասնաճյուղերը, եկեղեցասեր տիկնանց, երիտասարդական, պատանեկան մարզական կազմակերպությունները, «Հայ հանգստյան տուն» միությունը, Ավստրալահայ միացյալ ընկերակցությունը և այլք: Գործում են «Լուսավորիչ», «Կոմիտաս» երգչախմբերը, պարային ե թատերական խմբեր, ինչպես նաև «էրեբունի», «Նոր սերունդի ձայն» ռադիոժամերը: Սիդնեյում լույս են տեսնում «Լույս», «Արմենիա», «Միություն, «Գարուն», «Զանգ» պարբերականները: Նյու Սաութ Ուելս նահանգի (կենտրոնր Սիդնեյ) Փոքրամասնությունի գործերի պետական հանձնաժողովի ատենապետն է Ստեփան Գրգեաշարյանը: 

ԵԿԵՂԵՑԻ

   Հայաստանյայց առաքեյական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը կազմավորվել Է 1968-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Աոաջնորդանիստը Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցին Է:

  Ավստրալահայ համայնքի եկեղեցական կյանքը սկսել Է ձևավորվել 1950-ական թվականներին: 1954-ին Ավստրալիա եկած առաջին հայ հոգևորականր Ասողիկ ծայրագույն վարդապետ Ղազարյանը, Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպել Է եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ առանց եկեղեցական շենք ունենալու: Առաջին եկեղեցին Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել Է 1957-ին, Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցին 1962-ին. Եկեղեցիներին կից գործում են վարչություններ և հարակից մարմիններ տիկնանց, երիտասարդաց միությունները, թատերական, մարզական և այլ խմբեր:

   Ավստրալահայ համայնքի ազգային, հոգևոր և կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ, գործող թեմական խորհուրդը բաղկացած 7 հոգուց (4-ը Սիդնեյից, 3-ը Մելբուռնից): Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքր համակարգող-տնօրինող մարմին: Այն քաղաքներում, որտեղ չկան եկեղեցիներ, հայերի հոգևոր կարիքներր հոգում է այցելու հովիվը: Եկեղեցիներին կից գործում են մեկօրյա վարժարաններ: Սուրբ Հարություն եկեղեցում գործում Է «Լուսավորիչ» երգչախումբը: Հրատարակվում են կրոնաեկեղեցական բնույթի «Լույս», «Հույս» պաշտոնաթերթերը: Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է Ադան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981-ից): 

  Սիդնեյում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական փոքրաթիվ համայնքներ իրենց եկեղեցիներով:

ԴՊՐՈՑ

  Ավստրալիայում առաջին հայկական դպրոցը (կիրակնօրյա դասընթացներ) հիմնվել Է 1960-ին, Սիդնեյում: Ներկայումս (2003) գործում են երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ ՀԲԸՄ Ալեք Մանուկյան (ունի 10 դասարան, 7-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտները պատրաստվում են պետական քննություններին), Ակինյան, Համազգայինի Թարգմանչաց, Փափազյան, Թումանյան, Մեսրոպ Մաշտոց, ինչպես նաև կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներին կից շաբաթօրյա դպրոցները, որոնք լավ կազմակերպված հաստատություններ են:

   Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել Է 1985-ին, Սիդնեյում Հայ կաթողիկ եկեղեցու հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ բաժիններ: Վարժարանում սովորում Է 250 աշակերտ: Ուսումն իրականացվում Է պետական ծրագրով: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, երգ, պար:

   Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել Է 1986-ին, Սիդնեյում ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլըստընների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ: Ուսումն իրականացվում Է պետական կրթական ծրագրով: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, կրոն: Ունի մանկապարտեզ, նախակրթարան. երկրորդական բաժիններ: Վարժարանում կրթություն է ստանում շուրջ 300 աշակերտ: Շրջանավարտներից շատերն ուսումը շարունակում են տեղի համալսարաններում 

   Ալեքսանդր վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1990-ին, Սիդնեյում Ալեքսանդր ամուսինների բարերարությամբ, ՀԲԸՄ հովանավորությամբ: Բացումը կատարվել է 1991-ին: Ունի մանկապարտեզ ե նախակրթարան: Վարժարանը հետևում է Նյու Սաութ Ուելս նահանզի կրթության նախարարության ծրագրին: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, կրոն: Ունի 7 դասարան, 70 աշակերտ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ  

   Ավստրալիայում առաջին ազգային կառույցը Հայ եկեղեցու մարմինը, հիմնվել է 1950-ական թթ. վերջին, Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում: Ներկայումս գործում են հայ ավանդական երեք կուսակցությունների տեղական կազմակերպությունները, բարեգործական, հասարակական, մշակութային և երիտասարդական մի շարք կազմակերպություններ:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել է 1962-ին: Միությունն ունի կենտրոնատեղի «Ալեք Մանուկյան» կենտրոնով և «Ալեքսանդր» սրահով (կառուցվել է 1983-ին ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի և Ալեքսանդր ու Իզաբել Ալեքսանդր ամուսինների բարերարությամբ): 1984-ին կազմակերպվել է Հայ երիտասարդական ընկերակցության սկաուտական շարժումը: Մասնաճյուղի հովանու ներքո գործում են բասկետբոլի, կարատեի, աերոբիկայի խմբեր (1991-ին կազմակերպվել են Նավասարդյան խաղեր Սիդնեյի և Մելբուռնի մասնաճյուղերի միջև), «Անդրանիկ» պարախումբը, «Վահրամ Փափազյան» թատերախումբը, Գալուստ Կյուլպենկյան գրադարանը (ունի 1000-ից ավելի գիրք), տիկնանց հանձնախումբը, ՀԲԸՄ «Երևան» նվագախումբը (1995-ից): ՀԲԸՄ հովանավորությամբ են գործում նաև Ալեք Մանուկյան շաբաթօրյա (1973-ից) և Ալեքսանդր ամենօրյա (1991-ից) վարժարանները, «էրեբունի» ոադիոժամը: Հրատարակվում է «Միություն» ամսաթերթը:

ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետն է Վահե Արթինյանը (1992-ից):

   Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՀԴ) ավստրալահայ համայնքում գործում է 1964-ից: Դաշնակցական առաջին խմբի նպատակն էր նորաստեղծ գաղութում կազմակերպական ու հայապահպան աշխատանք կատարելը: Տարիների ընթացքում կազմակերպությունը խմբից վերածվել է կոմիտեի, ապա կենտրոնական կոմիտեի: ՀՀԴ շրջանային մարմնի ղեկավարությամբ գործում են Հայ դատի հանձնախումբը, երիտասարդական, պատանեկան միությունները, որոնց նպատակն է հայ երեխաներին ազգային ոգով դաստիարակելը: ՀՀԴ ունի կազմակերպական կառույցներ Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում:

  Համազգային մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղ, գործում է 1964-ից: Նպատակն է հայ երիտասարդներիս հայեցի դաստիարակելը, հայ մշակույթին մերձեցնելը: Հովանավորում է ամենօրյա և մեկօրյա վարժարաններ. «Հակոբ Պարոնյան» թատերախումբը, «Կոմիտաս» երգչախումբը, «Սասան», «Նաիրի» պարախմբերը: Սիդնեյ և Սելբուռն քաղաքներում գործում են միության «Շանթ»,«Նաիրի», «Սևան», «Կոմիտաս» մասնաճյուղերը, գրական, մարզական հանձնախմբերը:

   Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԲՄ) Ավստրալիայի մասնաճյուղ, հիմնվել է 1965-ին: Մարզական և սկաուտական գործունեություն ծավալելով իր շուրջն է համախմբել ավստրալահայ պատանիներին ու երիտասարդներին: Միությունն ունի մասնաճյուղեր («Արաքս», «Անդրանիկ», «Նավասարդ». «Կամք», «Արարատ») Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում:

   Հայ օգնության միության (ՀՕՄ) Ավստրալիայի մասնաճյուղ, գործում է 1965-ից: Ծավալում է մարդասիրական, բարեսիրական, մշակութային գործունեություն: Ունի մանկամսուր, ընկերային ծառայության գրասենյակ: Միության «Սոսե». «Արաքս», «Նաիրի» մասնաճյուղերը գործում են Սիդնեյում և Մելբուռնում:

   Հայ դատի հանձնախմբի Ավստրալիայի մասնաճյուղ, գործում է 1970-ական թթ-ից Սիդնեյում: Կազմակերպում է քաղաքական ելույթներ, հանդիպումներ պետական հայտնի դեմքերի հետ: Հիշատակության արժանի նախաձեռնություններից են Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի քննարկամը և խորհրդարանի շենքում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը:

  Ավստրալահայ միացյալ ընկերակցություն, հիմնվել է 1974-ին, Սիդնեյում Ավստրալիաjի մի խումբ ազգային գործիչների նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել հայ գաղութի տնտեսական և սոցիալական դրության բարելավմանը, օգնել Ավստրալիա նոր գաղթած հայերին, պաշտպանել ավստրալահայերի քաղաքացիական իրավունքները փոխհարաբերություններ հաստատելով պետական մարմինների և Ավստրալիայի մյուս համայնքների հետ: Ընկերակցությունը ձեռնարկում է մշակութային, մարգական միջոցառումներ, դաստիարակչական դասընթացներ, օժանդակություն է ցույց տալիս այն միություններին, որոնք հայապահպան գործունեություն են ծավալում: Ունի ավելի քան 500 անդամ: Ընկերակցության կազմակերպած միջոցառումներից գոյացած հասույթներով ձեռք է բերվել շենք, որտեղ 1982-ին բացվել է Հայ կենտրոնը:

  Ավստրալահայերի պատմական միություն, գործում է 1975-ից: Կազմակերպում է հայոց պատմության ե մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, հավաքում հայերին վերաբերող նյութեր:

 Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) մասնաճյուղը Ավստրալիայում հիմնվել է 1976-ին և կոչվում է ՌԱԿ Արտակ Դարբինյան ակումբ: Ունի Հայ իրավանց խորհուրդ, որը քաղաքական քարոզչական աշխատանք է կատարում Հայկական հարցի և Արցախի հիմնախնղրի լուսաբանման ուղղությամբ, այդ նպատակով կապեր հաստատում Ավստրալիայի պետական գործիչների հետ: Ակումբը ծավալում է ազգային, ընկերային, մշակութային գործունեություն, կազմակերպում հանգանակություն ի նպաստ Հայաստանի, օժանդակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին:

  «Հայ հանգստյան տուն» միություն, հիմնվել է 1979-ին, Սիդնեյում մի խումբ հայուհիների նախաձեռնությամբ: Նպատակն էր հիմնել ծերանոց հայ տարեցների համար: 1984-ին ձեռք է բերվել տուն 34 մահճակալով: 1989-ին Ալեքսանդր ամուսինների նվիրատվությամբ գնվել Է նոր շենք (37 մահճակալով) և կոչվել Ալեքսանդր հանգստյան տուն: Այն ունի նաև տարեցների համար 12 բնակարանից բաղկացած շենք, որը կոչվում է «Սպիտակ» ի հիշատակ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի: Հանգստյան տունը նյութական օժանդակություն Է ստանում նաև Ավստրալիայի կառավարությունից:

  Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Ավստրալիայի շրջանի վարիչ մարմինը հիմնվել է 1983-ին, Սիդնեյում: Ստեղծել Է «Հայ իրավանց պաշտպան» հանձնախումբ, որը կազմակերպում Է Մեծ եղեռնի ոգեկոչման հուշ-երեկոներ, հրապարակային դասախոսություններ, քա-ղաքական հավաքներ, կապեր հաստատում Ավստրալիայի պետական գործիչների հետ: Կուսակցության գործունեությունն իրականացվում Է Նոր սերունդ մշակութային, ՀՄՄ մարզական, «Տխրունի» երիտասարդական միությունների միջոցով: 1995-ից հրատարակում է «Զանգ» պաշտոնաթերթը:

   Նոր սերունդ մշակութային միության Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել Է 1983-ին: 1988-ից գործում են միության «Նոր սերունդ» պարախումբը մեծերի ե փոքրերի խմբերով, «Նոր սերունդի ձայն» ռադիոժամը: Միության հովանու ներքո գործում է Տիկնանց օժանդակ մարմինը:

«Տխրունի» երիտասարդական միության Ավստրալիայի մասնաճյուղ, գործում Է 1983-ից: Կազմակերպում Է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի երեկոներ, ոգեկոչման հանդիսություններ, քաղաքական թեմաներով դասախոսություններ, երիտասարդական հավաքներ:

  Թեքեյան մշակութային միության Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել Է 1984-ին Նուբար Պերպերյանի նախաձեռնությամբ, 1990-ից կոչվում է Վահան Թեքեյան հայկական մշակութային միություն: Նպատակն է երիտասարդության հայեցի դաստիարակությունը, սփյուռք-հայրենիք մշակութային կապերի զարգացումը: Միության ջանքերով ստեղծվել Է Ավստրալիայի հայրենի արվեստագետների խումբը, որը գեղարվեստական գործունեություն է ծավալում գաղութում: Գործում Է միության «Էրեբունի» շաբաթօրյա ռադիոժամը, լույս է տեսնում «Միություն» ամսաթերթը:

  Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) Սիդնեյի մասնաճյուղ, ունի ֆուտբոլի և բասկետբոլի խմբեր, որոնք պարբերաբար մասնակցում են տեղական ֆեդերացիայի մրցաշարերին: Ֆուտբոլի խումբն ընկերային խաղեր է կազմակերպում նաև հայկական այլ մարզական միությունների խմբերի հետ:


 Խլղաթյան Ն.

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան

 

Տե՛ս նաև՝ Ավստրալիայի հայ համայնքի մշակույթն ու մամուլը

Աբրահամյան Ս., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, b., 1967:

 Armenians in Auslralia and New Zealand, Sydney, 1966.

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am